ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն «օլիմպիական զինադադար» է հայտարարել Բրազիլիայում կայանալիք Խաղերի ժամանակ
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն «օլիմպիական զինադադար» է հայտարարել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Խաղերի անցկացման ժամանակ, որոնք կսկսվեն օգոստոսի 5-ին: Համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված տեսաուղերձում նա բոլոր հակամարտությունների մասնակիցներին կոչ է արել ժամանակավորապես «վայր դնելու զենքը եւ մի կողմ թողնելու տարաձայնությունները, մինչ կընթանան մրցումները:
«Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ ՄԱԿ-ը միասին սերտորեն աշխատում են հանուն գլոբալ համերաշխության եւ խաղաղության: Այդ ոգով մենք «օլիմպիական զինադադար» ենք հայտարարում եւ բոլոր պատերազմող կողմերին կոչ ենք անում Խաղերի ժամանակ վայր դնելու զենքը եւ մի կողմ թողնելու տարաձայնությունները»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Օլիմպիական մրցումների ժամանակ զինադադարի հայտարարման ավանդույթն սկիզբ է առել Հին Հունաստանում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավանդաբար օլիմպիական զինադադարի բանաձեւ է ընդունում ամառային եւ ձմեռային Խաղերից առաջ:
Օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը Ռիո դե Ժանեյրոյում: Պարաօլիմպիական խաղերը կկայանան սեպտեմբերի 7-ից մինչեւ 18-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: