Ադրբեջանում գյուղական դպրոցները կիսաքանդ վիճակում են
ԱշխարհԱդրբեջանի Յարդըմլըի շրջանի Գարագայա գյուղի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ գտնվում է ցավալի և խայտառակ վիճակում: Կիսաքանդ դպրոցի շենքը պիտանի չէ նորմալ ուսումնական պարապմունքներ կազմակերպելու համար:
Գյուղի բնակիչը bizimyol.info կայքին է ուղարկել դպրոցի ներկա վիճակը պատկերող տեսանյութ, որում երևում են դպրոցի շենքի պատերի վրա առաջացած ճաքերը, անօգտագործելի դարձած դպրոցական գույքը: Դպրոցը լուսամուտներ գրեթե չունի, պատուհանների բոլոր ապակիները, դռները, նստարանները ջարդված են:
Գյուղի բնակիչը պատմել է, որ նման դպրոցում որակյալ ուսուցումն անհնարին է:
Գարագայա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերվեր Ալիևը bizimywl.info-ին հայտնել է, որ դպրոցի նոր շենքի շինարարությունն սկսվել է 2014 թվականի մայիսին:
«Մեզ անհայտ պատճառներով դպրոցի շենքի շինարարությունը դեռևս ավարտին չի հասցվել: Գյուղի բնակիչներից մեկը հարցը հասցրել է շրջանի գործադիր ղեկավարին, ով ասել է, որ դպրոցի շինարարությունը ավարտին կհասցվի 2017 թվականին»,-հայտնել է դպրոցի տնօրենը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին հիմնականում լեզգիներով բնակեցված հյուսիսային Գուսարի շրջանում ևս մեծ թվով գյուղական դպրոցներ կիսաքանդ վիճակում գտնվելու մասին: