Մերձավոր Արևելքի ապագան որոշելու են ահաբեկչության դեմ պայքարող ժողովուրդները. Ասադ
ԱշխարհՄերձավոր Արևելքի ապագան որոշելու են այն ժողովուրդները, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Այդ մասին օգոստոսի 4-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ելույթ ունենալով Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի հետ հանդիպմանը, որը կայացել է Դամասկոսում: Զրույցից քաղվածքները հրապարակվել են Սիրիայի նախագահի դիվանատան կայքում:
«Մերձավորարևելյան տարածաշրջանի ապագան որոշելու են այն ժողովուրդները, որոնք զոհողությունների են գնում ահաբեկչությանը դիմակայելիս, կանգնած են ի պաշտպանություն իրենց հայրենիքի և հանդես են գալիս իրենց երկրների որոշումների անկախության օգտին»,-նշել է Սիրիայի նախագահը:
Զրուցակիցները նշել են «առանձին երկրների համառությունը ծայրահեղականներին աջակցելու ոչ խելամիտ քաղաքականությունը շարունակելու հարցում, ինչը միայն նպաստում է ահաբեկչության տարածմանը»:
Իր կողմից իրանցի խորհրդարանականը կարծիք է հայտնել, որ (ահաբեկիչների դեմ) սիրիական բանակի գործողությունները փաստորեն կանխել են ամբողջ տարածաշրջանի քարտեզը վերաձևելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: