Գերմանիան պատրաստվում է հյուրընկալել Հայաստանի մշակույթի օրերը
Գիտություն և ՄշակույթՀայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ' օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ը: Մշակույթի օրերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 19-ին, Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան Բեռլինի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Միխայիլ Այզենհաուերը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման պաշտոնական արարողությանը կհաջորդի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խմբի ելույթը:
Մշակույթի օրերի շրջանակներում նախատեսվում է Էրոլ Գուրյանի «Թերա ԱՐՄԵՆԻԱ. հայացք դեպի երազանքների վայրեր» խորագրով ցուցահանդեսը, փարաջանովյան երեկո' նվիրված Ս. Փարաջանովի կյանքին և գործունեությանը: Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը, կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Մշակույթի օրերի հիմնական միջոցառումներից է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար' Տ. Հեքեքյան) համերգը, որը կկայանա Բեռլինի ֆիլհարմոնիկ սրահում և կնվիրվի Հայաստանի անկախության 25-ամյակին: