Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում Գարեգին Երկրորդի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման գործում
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Վեհափա՛ռ Տեր,
Ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան 65-ամյակի առթիվ:
Բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացման և եկեղեցաշինության ասպարեզում:
Աշխարհում առկա արդի մարտահրավերների պայմաններում անգնահատելի է Ձեր նպաստը միջեկեղեցական փոխգործակցության խորացման, սփյուռքահայության առջև ծառացող մարտահրավերների ն դիմագրավելու խնդիրներում:
Վստահ եմ, որ ամենազոր Աստծո կամոք այսուհետ ևս կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը' հանուն մեր ժողովրդի բարօրության և համազգային նպատակների իրականացման:
Մաղթում եմ Ձեզ արևշատություն, ամենայն բարիք, և որ Բարձրյալի զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին ևս շարունակեք հայրենանվեր առաքելությունը՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի և համայն հայության իղձերի և վեհ նպատակների իրագործման»: