Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալուց հետո
ԻրավունքՀայաստանում այս բնույթի հանցագործություններ նախկինում չեն եղել, կիբերհանցագործությունները մեր կյանքում հայտնվել են համեմատաբար վերջին տարիներին: Իրավապահները դրանց դեմ պայքարում են այնքանով, որքանով ցանկանում ու կարողանում են:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ավթանդիլ Ավետիսյանը «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊԸ տնօրեն Արմինե Թյությունջյանի կողմից օգտագործվող' [email protected] էլեկտրոնայիմ փոստարկղի գաղտնաբառին ապօրինի տիրանալու և դրա միջոցով տվյալ փոստարկղով փոխանցվող տեղեկատվությանը հասանելիություն ստանալու նպատակով, 2015թ. հուլիսի 15-ին [email protected] փոստարկղի գաղտնաբառին ապօրինի տիրանալու շուրջ նախնական համաձայնության է եկել [email protected] էլեկտրոնային փոստարկղն օգտագործող անհայտ անձի հետ: Սա նշանակում է, որ իրավապահները կամ չեն ցանկացել, կամ չեն կարողացել պարզել նրա ինքնությունը:
Հիշյալ փոստարկղն օգտագործող անհայտ անձը, համաձայն քր. գործի նյութերի, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ ապօրինի տիրացել և 2015թ. հուլիսի 15-ին Ավթանդիլ Ավետիսյանի կողմից օգտագործվող [email protected] էլեկտրոնային փոստարկղին գումարի դիմաց փոխանցել է [email protected] էլեկտրոնային փոստարկղ մուտք իրականացնելու համար անհրաժեշտ տվյալ էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառը: Ավթանդիլ Ավետիսյանն ապօրինի տիրանալով համակարգչային տեղեկատվություն հանդիսացող [email protected] էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառին, հնարավորություն է ստացել ապօրինի մուտք իրականացնել նշված փոստարկղ: Դատելով նրան առաջադրված մյուս մեղադրանքից, կարելի է հասկանալ, թե ինչ է արել դրանից հետո: Ապօրինի մուտք գործելով նշված փոստարկղ, Ա. Ավետիսյանը կազմակերպել է համակարգչային տեղեկատվության կամ ծրագրերի ոչնչացումը, ուղեփակումը (մեկուսացումը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը:
Վերը նշված արարքների համար Ավթանդիլ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի («Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը») 3-րդ մասի 2-րդ կետի և 38-253-րդ հոդվածի (համակարգչային սաբոտաժի կազմակերպումը) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: