Արաքսում սպասվում են թեժ ընտրություններ. համայնքապետի թեկնածուն ասում է՝ «գալիս եմ գործ անելու, ոչ թե՝ տեղեկանք տրամադրելու» (տեսանյութ)
ՔաղաքականԳեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքներում սեպտեմբերի և հոկտեմբեր ամիսներին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Գյումրի և Վանաձոր համայնքներում էլ՝ ավագանիների ընտրություններ։ Գրեթե բոլոր համայնքներում էլ սպասվում է թեժ մրցակցություն։ Բացառություն չէ նաև Արմավիրի մարզի Արաքս համայնքը, որտեղ թեկնածուների թիվը 6-ն է։ Վեց թեկնածուներից 5-ն անկուսակցական է, մեկը՝ Կոմունիստական կուսակցության անդամ։
Ընտրությունների, քարոզարշավի և նախընտրական ծրագրերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արաքս համայնքի համայնքապետի թեկնածու Ռազմիկ Տոնոյանի հետ։ Վերջինս ներկայացրեց իր ծրագրերը, որոնք ընտրվելու դեպքում, իր խոսքով, մեկ տարվա ընթացքում իրականացնելու է։ Ի դեպ՝ թեկնածուն մոտ 8 ամիս առաջ է ազատվել համայնքապետի տեղակալի պաշտոնից՝ սկզբունքային տարաձայնությունների պատճառով։
Ռ. Տոնոյանի խոսքով՝ ինքը չի լինելու տեղեկանք տրամադրող համայնքապետ, ինչպես եղել է մինչ այս։ «Ես իրականացնելու եմ կոնկրետ ծրագրեր։ Գյուղապետի տեղակալի պաշտոնում ևս գյուղում մի շարք գործեր իրականացրել եմ՝ արտաքին լուսավորության հարց եմ լուծել, ոռոգման ջրի խնդրի մասնակի լուծում եմ տվել։ Սակայն, այդ պաշտոնը բավարար չէր արաքսեցու բոլոր խնդիրների լուծում տալու համար»,- ասաց համայնքապետի թեկնածուն։ Ըստ նրա՝ 6 թեկնածուներից և ոչ մեկը նախընտրական ծրագիր չունի, իսկ Արաքսում խնդիրները շատ են՝ սկսած ոռոգման, խմելու ջրից, վերջացրած սովետական ժամանակվա մանկապարտեզով, որն այսօր չի աշխատում։
Նա հավելեց, որ մյուս թեկնածուների հետ ունի նորմալ հարաբերություններ։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։
Քրիստինա Աղալարյան