Հայաստանը խորը մտահոգություն է հայտնել Հս. Կորեայի իրականացրած միջուկային փորձարկման կապակցությամբ. ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՀայաստանը խորը մտահոգություն է հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը:
Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ:
«Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»,- ասել է Բալայանը:
ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել է հերթական միջուկային փորձարկման մասին: Համապատասխան հաղորդագրությունը տարածել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հյուսիսը փորձարկել է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը: Հանրապետության իշխանությունները այդպես են գնահատել նորագույն միջուկային մարտագլխիկի ներուժն ու հզորությունը: «Հիմնվելով առկա տվյալների վրա՝ մենք եզրակացրեցինք, որ Հյուսիսային Կորեայում ատոմային ռումբի փորձարկում Է անցկացվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշել է, որ պայթյունի հզորությունը գնահատվում Է մոտավորապես 10 կիլոտոննա: «Համեմատության համ ար նշենք, որ այս տարվա հունվարին փորձարկված ռումբի հզորությունը կազմել Է 6 կիլոտոննա»,- ասված է փաստաղթղում:
ԿԺԴՀ-ն մինչ օրս իրականացրել է չորս միջուկային թեստ' 2006, 2009, 2013 թվականներին եւ 2016 թվականի հունվարին: