Դիտորդները դրական են գնահատում Բելառուսում խորհրդարանական ընտրությունների ընթացքը
ԱշխարհԲելառուսի խորհրդարանական ընտրությունների ԱՊՀ-ի դիտորդները դրական են գնահատում ընտրարշավի ընթացքը և հուսով են, որ նման գնահատական կտան նաև ԵԱՀԿ-ի գործընկերները։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
Կիրակի անցկացվում են Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները։ Դրանք անցնում են մեծամասնական համակարգով. 110 ընտրատարածքներում կընտրվեն 110 պատգամավորներ։ Տեղի ժամանակով ժամը 12։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 42.3 տոկոսը։
«Տպավորությունները դրական են։ Ընտրությունները հանգիստ են անցնում։ Դրանք լավ են կազմակերպված»,- ասել է Լեբեդևը։
«Ընտրատեղամասերի մեծամասնությունում տոնական մթնոլորտ է»,- հավելել է նա։
Լեբեդևը պատմել է, որ մի քանի ընտրատեղամասերում ԱՊՀ դիտորդները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ դիտորդների։ «Նրանց տպավորություններն էլ են դրական։ Ես սրտանց մաղթել եմ, որ նրանց ամփոփիչ հայտարարությունում նույնպես պահպանվեն դրական եզրակացությունները», - ասել է ԱՊՀ գործկոմի ղեկավարը։
«Ցավոք, մենք արդեն բախվել ենք այն բանի հետ, երբ այսօր ամեն ինչ լավ է, իսկ վաղը ընտրությունները հայտարարում են ոչ ժողովրդավարական»,- պարզաբանել է նա։