Ինդոնեզիայում պայթյուն է որոտացել զբոսաշրջիկների փոխադրող նավակում, կան զոհեր ու վիրավորներ
ԱշխարհԻնդոնեզիայում երկու մարդ է զոհվել, եւս 13-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել օտարերկրյա զբոսաշրջիկների փոխադրող նավակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Detik լրատվական պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Զոհվել է Նիդեռլանդների մի հպատակ եւ Ինդոնեզիայի մի քաղաքացի»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Տուժածների թվում զբոսաշրջիկներ կան Ավստրալիայից, Հարավային Կորեայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից:
Պայթյունը տեղի է ունեցել շարժիչավոր նավակում, որը Բալի կղզուց ուղեւորվել էր զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող Գիլի արշիպելագ՝ Լոմբոկ կղզուց ոչ հեռու: Նավակում գտնվում էր 35 մարդ, ներառյալ անձնակազմի հինգ անդամները: Պայթյունն, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել նավակի շարժիչի բռնկումից հետո:
Տեղի ոստիկանությունը միջադեպի հանգամանքների հետաքննություն է սկսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: