Անմրցունակ ընտրություններ
ՎերլուծականՏԻՄ ընտրությունների առաջին փուլը, որ տեղի է ունենալու վաղը ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում որևէ կերպ մրցակցային համարել չենք կարող: Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին համայնքապետ ընտրող 237 համայքներից 125-ում քվեարկվելու է միայն մեկ թեկնածու: Այս փաստն արդեն իսկ խոսուն է և վկայում է այն մասին, որ մեր կուսակցությունների զգալի մասն, ըստ էության միայն երևանյան գրանցում ունեն:
Մյուս կողմից իշխանությունների կողմից ընտրությունների ինստիտուտի պարբերական և հետևողական ոչնչացումը ընդդիմադիր կուսակցություններից շատերի մոտ ձևավորել է այն կարծրատիպը, թե գլոբալ հարցերի լուծման միակ հարթակը հանրապետական ընտրություններն են:
Ստացվում է հավի և ձվի հայտնի պատմությունը: Հատկապես նոր Սահմանադրության և ընտրակարգի պայմաններում որևէ կուսակցություն չի կարող հաջողել առանց տեղական կառույցների:
Մյուս կողմից գործող համակարգը ընդդիմադիրներին գրեթե զրկում է ՏԻմ ընտրություններում հաջողության հասնելու գործնական հնարավորությունից:
Գյումրու և Վանաձորի ավագանիների հոկտեմբերի երկուսի ընտրությունները բացառություն են ՏԻՄ շղթայում, որովհետև դրանք անցկացվում են խորհրդարանական ընտրությունների համակարգով և ԱԺ հաջորդ տարվա ընտրությունների մինի մոդելն են, գլխավոր ստուգատեսը:
Սրանով է պայմանավորված քաղաքական ողջ ներկապնակի ակտիվությունը հանրապետության երկրորդ և երրոդ քաղաքներում:
Դրանցից դուրս ՏԻՄ ընտրությունները չունեն մրցակցության որևէ բաղկացուցիչ ինչը լավագույնս արտացոլում է իշխանությունների բարեփոխվելու չկամությունը, ընդդիմության չկայացվածությունը:
Վաղը լարված կլինի Ապարանում և Արթիկում, սակայն ոչ թե քաղաքական մրցակցության, այլ ներհամակարգային գզվռտոցի մակարդակում: Տեստային է նաև Ծաղկահովիտի գյուղապետի ընտրությունը. Արդյո՞ք ընտրողները միայնակ կթողնեն իրենց գյուղի ճանաչված ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին, թե կընդդիմանան իշխանություններին՝ գերադասելով Միայնակ գայլի հետ ընկերակցությունը:
Սարգիս Հակոբյան