Հայաստանը Սիրիայի հայերի հարցում պետք է օգտագործի ՌԴ-ի ու Իրանի դերակատարությունը. արաբագետ
ԱՐԽԻՎՍիրիայի հարցի հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարևոր հայտարարություն է արել: Հայաստանը Սիրիայի հարցում պետք է ակտիվ օգտագործի դիվանագիտական լծակները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը' անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հնչած նախագահի ելույթին:
«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հետևում է գործընթացներին և Սիրիայի հակամարտությամբ պայմանավորված մեր քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը, տեղի հայերին աջակցություն հասցնելու ուղիների փնտրտուքը: Այս համատեքստում նախագահը հայկական կողմի ներգրավվածության, համագործակցության մասին խոսեց: Եթե հայտարարությունից հետո արդեն գործնական քայլեր լինեն, ապա մենք ականատես կլինենք ինչպես հումանիտար նպատակներով ցուցաբերվելիք օգնությունը հայ համայնքին տրամադրելու գործընթացին, այնպես էլ անվտանգության հարցում երաշխիքներ ստանալուն' համագործակցելով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ: Քանի որ Հալեպում Իրանը բավական ակտիվ է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով, սիրիական հակամարտության հարցի հետ կապված հայկական համայնքն առանձնացել է կառուցողական մոտեցմամբ և միշտ կողմնակից է եղել, որ հակամարտությունը տեղափոխվի քաղաքական լուծման կամ բանավեճի փուլ: Այս համատեքստում, ըստ նրա, հայկական համայնքը կարող է իր ներդրումն ունենալ, սա նաև բարձրացնում է հայկական համայնքի կշիռը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։ Նա նշել է, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար: Նախագահը ողջունել է ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Նա ընդգծել է, որ քննարկվում է Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորություններն այդ գործընթացներում: