Երևանում մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը
ՀասարակությունՎիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն այս տարի նշում է իր 70-ամյակը: Այդ առիթով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Անկայուն տիեզերք. էներգետիկ պաշարներ, ակտիվության երևույթներ և էվոլուցիայի գործընթացեր» խորագրով միջազգային գիտաժողովը:
«Նման հանդիպումները ծառայում են որպես հաշվետվություն: Տարիների ընթացքում երկնքում ավելացել է լուսային ախտոտումը, ինչն էլ խանգարում է դիտումներին»,- նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին Բյուրականի աստղադիտարանի հաջողությունները՝ գալակտիկաների միջուկների ակտիվության հետազոտական տիրույթները, ճառագայթման տեղափոխման տեսությունը:
«Բյուրականի աստղադիտարանը մեզ հայտնի է դարձնում ամբողջ աշխարհում: Այն մեր այցեքարտն է: Շատ կարևոր է նման գիտաժողովներում հատկապես երիտասարդ սերնդի մասնակցությունը»,-ընդգծեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտաժողովին ներկա էին 60-ից ավելի գիտնականներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:
«Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1984թ.: Առիթ եմ ունեցել անձամբ ճանաչելու Վիկտոր Համբարձումյանին և նրանից շատ բան եմ սովորել: Աստղադիտարանը բարձր մակարդակի է, և ինձ համար մեծ փորձ էր այնտեղ աշխատելը: Ներկայումս համագործակցում ենք և համատեղ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում»,- ասաց Իտալիայի Պադուայի աստղադիտարանի տնօրեն Մասիմո Տուրատոն:
Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների ուսումնասիրմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ:
Սեպտեմբերի 20-ից 23-ը գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի Բյուրականի աստղադիտարանում: