ԱՄՆ-ի Կոնգրեսում անդրադարձել են Հայաստանի ռազմավարական նշանակությանը. VOA (տեսանյութ)
ԱՄՆՀայաստանը Միացյալ Նահանգների համար ունի բացարձակ բարձր ռազմավարական նշանակություն, Կոնգրեսում անցած լսումներին հայտարարել է կոնգրեսական Բրադ Շերմանը, ով կոչ էր արել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջաք Լյուին արագացնել հայ-ամերիկյան հարկային մեծ պայմանագրի մշակման գործընթացը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»
Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հարցը դիտարկում է զուտ տնտեսական դիրքերից, բաց թողնելով կարևոր քաղաքական նկատառումները: Շերմանը հիշեցրել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները փորձել է ամեն կերպ աջակցել հայկական պետության ամրապնդմանը:
Հայաստանի քաղաքական դերն առավել մեծանում է վերջին տարիների գլոբալ զարգացումների համատեքստում և Միացյալ Նահանգների շահերից է բխում հնարավորին չափ շուտ հարկային պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ամրապնդելով երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը, ավելացրել է Բրադ Շերմանը:
Ի պատասխան ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը նշել է, որ լավ է գիտակցում Հայաստանի կարևորությունը.
«Ես գիտակցում եմ Հայաստանի ռազմավարական նշանակությունը և գնահատում եմ ձեր մտահոգության պատճառները: Մենք այս հարկային համաձայնագրերը դիտարկում ենք տնտեսական հարկային քաղաքականության համատեքստում և հիմնական հարցն այստեղ վերաբերում է երկակի հարկումից խուսափելու հեռանկարին»: