Այսօր հավերժացվելու է Ալիևների ընտանիքի իշխանությունը
ՎերլուծականԱյսօր Ադրբեջանում սահմանադրական հանրաքվե է: Այս երկրի և Հայաստանի սահմանադրական փոփոխությունների գործընթացների ընդհանրությունն այն է, որ իշխանությունները երկու դեպքում էլ մեղադրվում են սեփական վերարտադրության ձգտումների մեջ:
Այսքանով ընդհանրությունը վերջանում է, որովհետև եթե նույնիսկ հարյուր տոկոսանոց ճշմարտություն համարենք մեր ընդդիմության այն պնդումը, թե Հայաստանը խորհրդարանական կառավարման է անցնում Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու նպատակով, միևնույն է նոր սահմանադրությամբ առաջարկվող կառավարման համակարգը հեռանկարի իմաստով անհամեմատ ժողովրդավարական է:
Ադրբեջանում ճիշտ հակառակն է, ուժեղացվում է նախագահի ինստիտուտը, նրա պաշտոնավարումը հինգի փոխարեն դառնում է յոթ տարի: Ստեղծվում է փոխնախագահների ինստիտուտ, որոնց Ադրբեջանի նախագահը նշանակում է միանձնյա:
Նույն կարգով նա իրավունք է ստանալու արձակել միլիմեջլիսը: Սակայն ավելի էական են այն փոփոխությունները, որոնք վերացնում են նախագահի և խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրվելու տարիքային սահմանափակումները: Եթե այսօր սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ինչում որևէ մեկը չի կասկածում, ապա Ադրբեջանի հաջորդ նախագահ դառնալու համար չի պահանջվելու 35-ից բարձր տարիք ունենալ, իսկ Մեջլիսի պատգամավոր կարող է ընտրվել ոչ թե 25-ը, այլ 18-ը բոլորած քաղաքացին: Անկասկած է, որ այս փոփոխություններով Իլհամը ձգտում է որդուն՝ կրտսեր Հեյդարին նախ պատգամավոր դարձնել, ապա տարիների ընթացքում նրան փոխանցել իշխանությունը:
Ադրբեջանում հաստատվում է Ալիևների ընտանիքի սահմանադրական բռնապետություն:
Այս ֆոնին զարմանալի չէ, որ Վենետիկի հանձնաժողովը, դրական գնահատական տալով Հայաստանի սահմանադրական փոփոխություններին, դրանք բացասական և անընդունելի է համարել Ադրբեջանի պարագայում:
Սարգիս Հակոբան