«Փոփոխությունը պետք է լինի ոչ թե մեր մեջ, այլ՝ հանրապետականների». Վարդան Բոստանջյան
Քաղաքական«Մեզ անհրաժեշտ էր կառավարական փոփոխություն, Հայաստանը այն իրավիճակում էր արդեն, որ սա պարտադիր բնույթ էր կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Նա անդրադարձավ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմային, նշելով, որ վարչապետի համար կարևորագույն խնդիրը պետք է լինիգրպանված, թաքնված գումարները վեր հանելը. «Վարչապետ Կարեն Կարապետյանի դերը շատ մեծ է լինելու տնտեսական աճի հարցերի հետ կապված: Նա պետք է ստվերային կառավարման վրա լույս սփռի և հանրությանը իրազեկ դարձնի բոլոր գործողություններին: Պաշտոնից ազատելով մեղմ ասած օլիգարխներին, ովքեր միշտ ամուր շաղկապված են եղել կառավարական համակարգին, սա արդեն հրաշալի սկիզբ է»:
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, լրացնելով Արամ Սարգսյանի խոսքը, շեշտեց, որ փոփոխությունը պետք է լինի ոչ թե մեր մեջ, այլ՝ հանրապետականների. «Միայն այն հանգամանքը, որ կառավարության փոփոխությունը չի առաջացրել հանրության զայրույթը, քննարկումը եղել է միայն դրական մոտիվներով, ուրեմն ժողովուրդը ընդունում է Կարեն Կարապետյանի պաշտոնավարության աշխատաոճը»:
Արամ Սարգսյանը խոսելով փոփոխությունների մասին, առաջին հերթին առանձնացրեց վարկային համակարգում առկա թերությունները՝ նշելով, որ պետք է հնարավորինս իջեցվի գյուղատնտեսական վարկերը, հարմարեցվի գյուղացիների պայմաններին, որի հետևանքն էլ կլինի արտագաղթի նվազումը. «Գյուղացիների 90%-ը վարկերի տակ է, չի կարողանում փակել ու բռնում է խոպանի ճամփան»:
Վերջում բանախոսները անդրադարձան ապրիլյան Քառօրյա պատերազմին, ասելով, որ Անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ ցուցադրված զինտեխնիկան մեծ հարված էր Ադրբեջանին:
«Եթե հաշվենք միայն այն հանգամանքը, որ շքերթից հետո ադրբեջանական մամուլը հայտնվեց կոմայի մեջ, սա մեզ համար արդեն իսկ հաղթանակ է»,- իր խոսքն ավարտեց Արամ Գասպարի Սարգսյանը: