Նույնիսկ կոճակը դավաճանեց խորհրդարանական անդեմ մեծամասնությանը
ՎերլուծականԵրեկ՝ ԱԺ արտահերթ նստաշրջանի մեկնարկին, խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել: Ըստ երևույթին, տեխնիկական անսարքության հետևանքով չեն աշխատել ՀՀԿ խմբակցության անդամների քվեարկության կոճակները: Մինչդեռ, այդ կոճակները իշխանության համար շատ ավելի կարևոր են, քան դրանք սեղմող անդեմ մեծամասնության շատ ներկայացուցիչների՝ իրենց ապրած-չապրածով:
Հլու-հնազանդ խորհրդարանական կոճակներն այն բացառիկ հանգամանքն են, որ գործադիր իշխանությանը ստիպում են երբեմն ներկայանալ խորհրդարան, ինչ-որ հարցեր ներկայացնել պատգամավորների քվեարկությանը: Հատուկ եմ շեշտում՝ քվեարկությանը, որովհետև խորհրդարանում բովանդակային քննարկում, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Եթե անգամ նման բան հազվադեպ տեղի է ունենում, դրա ազդեցությունը զրոյական է իրական իշխանության քաղաքականության վրա:
Կառավարման համակարգում խորհրդարանը որևէ ազդեցություն չունի. օրենսդիրի գահավիժումը սկսվել է 90-ականների կեսից և ավելի ու ավելի ամբողջական է դառնում ամեն մի կեղծված ընտրությունից, դրա արդյունքում ձևավորված խորհրդարանական անգույն մեծամասնությունից հետո:
Գործող խորհրդարանին բացարձակապես արհամարհում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հանրային վստահություն նվաճելու խնդիր չուներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս խորհրդարանը դարձրել էր իր պոպուլիզմի թիրախներից մեկը: Այս խորհրդարանը, բնականաբար, չի հարգվելու նաև Կարեն Կարապետյանի կողմից: Նա, արդարև կարող է համարել, որ լեգիտիմության գոնե ինչ-որ պաշար ունի՝ իր կադրային նշանակումներով և հրապարակային հայտարարություններով՝ ձևավորելով հանրային սպասումների որոշակի միջավայր: Այս ֆոնին նորանշանակ վարչապետը, հատկապես, ընդգծված անբարեհաճություն է ունենալու գործող խորհրդարանի, նրա մեծամասնության հանդեպ: Մի մեծամասնության, որը քաղաքական դեկորացիան է այն քրեաօլիգարխիկ համակարգի, որի ապամոնտաժման խնդիր է դրել Կարապետյանը:
Ուրեմն զարմանալի չէ, որ Կառավարությունը խորհրդարան է բերում 22 կարևոր նախաձեռնություն և, ըստ էության, առաջարկում է դրանք ոչ թե քննարկել, այլ արագ դակել, հաստատել: Իզուր են ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները սրտնեղում կառավարության նման անհարգալից վերաբերմունքից: Թեև, շատ հնարավոր է՝ խորտակվող համակարգը նույնքան հոգեհարազատ է նաև Լևոն Զուրաբյանի կամ Նաիրա Զոհրաբյանի համար:
Սարգիս Հակոբյան