Ինչպե՞ս է Արծվիկ Մինասյանը պայքարելու ապօրինի հանքերի դեմ. հարցը զայրացրեց նախարարի պաշտոնակատարին
ՏնտեսությունՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը չի ցանկանում մանրամասնել, թե ինչպես է պատրաստվում պայքարել ապօրինի հանքերի շահագործման դեմ, եթե իրեն առաջիկայում վստահվի ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը:
«Կգա ժամանակը, կտեսնեք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Լրագրողի պնդմանը՝ ամեն դեպքում ունեք նման ծրագիր, Ա. Մինասյանն հարցին հարցով պատասխանեց: «Իսկ եթե ձեզ նշանակեին նախարար, դուք կարո՞ղ էիք լուծում տալ: Օրինակ, դուք որպես լրագրող, կկարողանայի՞ք այդ հարցը լուծել»,- ասաց նա:
Լրագրողը հակադարձեց, որ մինչ օրս որևէ նախարար չի կարողացել այդ հարցը լուծել,իսկ Ա. Մինասյանն արձագանքեց,թե եթե Ձեզ թվում է, որ նախարար դառնալը նշանակում է հանցակից լինել, ապա չարաչար սխալվում եք: Չի՛ կարելի այդպիսի մոտեցումներով երկիրն առաջ տանել:
Անդրադառնալով Ամուլսարի ծրագրին՝ նա նշեց, որ այդ ծրագիրն անցել է համապատասխան փորձաքննություն, և եթե բնապահպանական հատվածում չկան կոպիտ միջամտություններ կամ առարկություններ, ապա այդ թեման պետք է որ անհանգստություն չառաջացնի:
«Իսկ եթե կան անհանգստություններ, ապա դրանք քննարկման հարցեր են: Թողեք, որ ամեն ինչ իր բնականոն հունով ընթանա»,- ավելացրեց նա:
Դիտարկմանը, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Ձեզ չի տեսնում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, քանի որ կարծում է՝ բիզնես մտածողություն չունեք Մինասյանը՝ զայրացած արձագանքեց. «Շնորհավորում եմ Ձեզ»…
Արմինե Եփրեմյան