Գարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող գործողությունների հետ
ՔաղաքականՎաշինգտոնում անցկացված խորհրդաժողովի ժամանակ Թուրքիայի հայազգի խորհրդարանական, դեմոկրատական-ժողովրդական կուսակցության անդամ Գարո Փայլանը խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի մասին:
«Այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկիզբ՝ Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին: Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0.1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել, եւ ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»,- ասել է պատգամավորը:
Նա զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանության եւ այժմ Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող գործողությունների միջեւ:
«100 տարի առաջ հայերն էին ոչնչացվում, եւ նույն անմարդկային գաղափարախոսությունը շրջվել է քրդերի եւ բոլոր դեմոկրատների դեմ: Արդյունքում, այսօր Էրդողանը մեղադրանքներ է ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են եւ նրանց «ահաբեկիչ» է անվանում: Էրդողանի խոսքով՝ նա շարունակելու է այդ պատերազմը՝ մինչեւ չոչնչացվի վերջին ահաբեկիչը: Դրա պատճառով յուրաքանչյուր օր 30-40 մարդ է զոհվում»,- ընդգծել է նա: