Հռոմի պապը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը
ԱշխարհՀռոմի Ֆրանցիսկոս պապը Բաքվում հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Ես կցանկանայի իմ անկեղծ զորակցությունը հայտնել այն մարդկանց, ովքեր տառապում են արյունալի հակամարտությունների հետևանքով: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը ի վիճակի կլինի անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու»,- նշել է Հռոմի պապը՝ հորդորելով կողմերին օգտվել ցանկացած հնարավորությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը:
«Ես վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կդառնա մի վայր, որտեղ երկխոսության և բանակցությունների միջոցով կհաղթահարվեն վեճերն ու տարաձայնությունները»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը ցավով է խոսել այն մասին, որ աշխարհում ներկայում շատ հակամարտություններ կան, որոնք հրահրվում են բռնության գաղափարախոսությունների և ամենաթույլերի իրավունքների մերժման պատճառով: