Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ Էջմիածին քաղաքի տոնի առթիվ
ՀասարակությունԵռասերունդ Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս, մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնի առթիվ:
Դարերի խորքից հպարտորեն եկող հնամյա Էջմիածին քաղաքը հաստատուն կանգնած է հայ ժողովրդի ներկայի մեջ և իր ժամանակակից տեսքով, հստակ քայլերով գնում է դեպի ապագան՝ արժանապատվորեն պահպանելով և իրականացնելով հոգևոր կենտրոնի առաքելությունը:
Էջմիածին քաղաքի ծննդյան տարեդարձի տոնը, որը տարիների ընթացքում դարձավ համաժողովրդական, վստահության և միասնականության տոն է:
Այս վստահությունը գալիս է դարերի խորքից, թրծվել է տառապանքի ու պայքարի բովում և գնում է դեպի դարերը գալիք:
Այս վստահությամբ, միասնականությամբ ու ժողովրդի անսպառ սիրով Էջմիածինը միշտ թշնամիներից պաշտպանվել է համաժողովրդական հավատով:
Այս վստահությամբ և միասնականությամբ Էջմիածինն իր աշխարհազորով, իր զորավարներով և հոգևոր դասով կանգնեց Սարդարապատն արդեն անցած թուրքական զորքերի դեմ ու փրկեց Երևանը՝ փրկելով Հայաստանն ու հայ ժողովրդին, ապահովելով առաջին Հանրապետության գոյությունը:
Այս վստահությամբ Էջմիածինը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին՝ նախաձեռնելով Թամանյան դիվիզիան՝ հաղթանակի պարը պարելով Բեռլինում:
Այս վստահությամբ և միասնականությամբ Էջմիածինը հաղթեց Արցախյան ազատագրական պայքարում իր հարյուրավոր զավակների կյանքի և հազարավոր զավակների հերոսականության, անձնազոհության շնորհիվ, գիտակցելով, որ պաշտպանելով Արցախի յուրաքանչյուր թիզ հողը, Հադրութի, Մարտակերտի սահմանամերձ գյուղերը, Հայաստանի սահմանները, պաշտպանում է Մայր տաճարը: Այս վստահությամբ քաջ էջմիածնեցիները, անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, զենքը ձեռքին, հայտնվեցին առաջնագծում այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին:
Այս հավատով հոգևոր կենտրոն Էջմիածինը դարձավ նաև բանականաշինության, պետականության կայացման ու հզորացման ջատագովը:
Փառք անկախության ու Մայր տաճար սուրբ Էջմիածնի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին, հերոսներ ծնող հայոց մայրերին:
Շնորհավորում եմ համայն հայությանը և հատկապես Էջմիածնի ժողովրդին սիրելի քաղաքի 2701-ամյակի առթիվ:
Էջմիածնեցի լինելը մեծ հպարտություն է:
Էջմիածնի քաղաքապետն ու քաղաքապետարանի ողջ անձնակազմը ջանքեր չեն խնայում հարազատ քաղաքը համայն հայության, քրիստոնյա աշխարհի ու առաջադեմ ողջ մարդկության կենտրոն ուխտատեղի դարձնելու համար:
Կոչ եմ անում մեր երիտասարդությանը՝ երկրապահի նոր սերունդներին, եռասերունդ երկրապահին տեր կանգնել սեփական քաղաքի ներկային և արժանապատվորեն այն տանել դեպի ապագան՝ պահպանելով քաղաքի փառավոր պատմությունն ու անունը:
Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ: Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի, Արցախի աշխարհասփյուռ հայությանը և հատկապես Էջմիածնեցիներին:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան