Երևանում բացվեց «Անկախություն» խորագրով ցուցահանդես
Հասարակություն«Բարձր արվեստ» կենտրոնի աջակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց «Անկախություն» խորագրով ցուցահանդեսը: «Ներկայացված են հազվագյուտ և բարձր արժեք ունեցող նկարներ: Հոկտեմբերի 22-ին և 29-ին, բազմաթիվ մարդկանց խնդրանքով կիրականացվի բաց աճուրդ, ինչը կմեծացնի հետաքրքրությունը արվեստի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախագծի ղեկավար Աննա Գրիգորյանը:
Մեկ հարկի տակ կարելի էր տեսնել հայ անվանի այնպիսի նկարիչների կտավներ, ինչպիսք են Մինաս Ավետիսյանը, Լևոն Թութունջյանը, Վարդգես Սուրենյանցը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Երվանդ Քոչարը և այլք:
Համարձակությամբ աչքի էին ընկնում ժամանակակից ստեղծագործողներ Սոնա Աբգարյանի, Գագիկ Գևորգյանի, Կարեն Օհանյանի, Սուրեն Համբարձումյանի աշխատանքները:
«Նախանձում եմ այն մարդկանց, ում մասնավոր հավաքածուներում այսօրինակ ստեղծագործություններ կան: Լավ է, որ ժամանակակից սերունդը շարունակում է նախորդների ավանդույթները և բարձր պահում մեր պատիվը»,-ընդգծեց ՀՀ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ մշակութային գործիչներ և այլ ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հիացած էին և տպավորված ցուցանմուշներով:
«Հրաշալի են Արման Համբարձումյանի քանդակները: Այս աշխատանքներն արժանի են տեղադրվել քաղաքի ամենաբանուկ վայրերում: Չես հոգնում տարբեր ժանրերում, տարբեր մտածողությամբ նկարիչների ստեղծած ամբողջական գամման դիտել: Ասես ծիածան լինի: Ներկայացված նկարները ստիպում են երևակայությանը խաղալ: Եթե արվեստագետին հաջողվում է ունկնդրին, հանդիսականին, ընթերցողին բերել նման երկխոսության, ապա դա մեծագույն երջանկություն է»,-ասաց Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
«Ցուցադրված քանդակներից մեկը տրոյական ձին է, որը վառ կերպար է: Այն պատկերել եմ շարժման մեջ և կարծում եմ' այսպես ավելի լիարժեք է ստացվել»,-շեշտեց երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանը:
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը մշտապես անվանի դասական հեղինակների աշխատանքների կողքին ներկայացնում է ժամանակակիցների գործեր: Կենտրոնի բոլոր ցուցահանդեսներում շեշտը դրվում է արվեստի միահյուսվածության և շարունակականության գաղափարի վրա: