Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է եկել սիրիահայ չորս ընտանիք. Հրանուշ Հակոբյան
ՀասարակությունՍիրիայում եւ հատկապես Հալեպում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա: Այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` պատասխանելով հարցին` համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը տարածված խոսակցությունները, թե իբր սիրիահայերը դիմել են ՀՀ կառավարությանը Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: Նախարարի խոսքով` կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն գալու, բայց նրանք շատ չեն:
«Որեւէ մեկը Սիրիայից չի կարող դուրս գալ առանց մեր հյուպատոսության թույլտվության, հետեւաբար մենք ամեն օր աշխատում ենք հյուպատոսության հետ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է եկել սիրիահայ չորս ընտանիք: Մեր նախարարության աշխատակիցներն ամեն օր դիմավորում են արեւելքից եկող օդանավերը, եւ մենք Սիրիայում գտնվող մեր կառույցների միջոցով պարզում ենք՝ կա՞ն Հայաստան գալու ցանկություն ունեցողներ, թե ոչ»,-ճշգրտեց նախարարը:
Հրանուշ Հակոբյանը նշեց նաեւ, որ Սիրիայում իրավիճակն անկանխատեսելի է, և նախարարության խնդիրն է ցանկացած սիրիահայի օգտակար լինել թե Հայաստանում, թե Սիրիայում:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստան գալու համար պաշտոնական ոչ մի դիմում չի ստացվել: Տարածված խոսակցություններն էլ ոչ ստույգ աղբյուրներից են:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ 600 հայ է դիմել Երևանում գործող «Հալեպ» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Հայաստան փոխադրվելու համար: Այս տեղեկությունը «Արևելք» պարբերականի հետ զրույցում հայտնել էր կազմակերպության հիմնադիր Անի Բալխյանը: