Մերկելը, Պուտինը եւ Օլանդը Սիրիայի շուրջ «կոշտ» բանակցություններ են վարել Բեռլինում
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Բեռլինում բանակցություններ են վարել Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ, որոնք Մերկելը բնութագրել է «կարծիքների հստակ ու կոշտ փոխանակում»:
Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Հալեպի շուրջ ստեղծված իրադրությանը:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հալեպում իսկական պատերազմական հանցագործություն է»,- հայտարարել է Օլանդը:
Իր հերթին Մերկելը նշել է, որ Պուտինի հետ բանակցությունները կոշտ էին ու դժվարին: Նա հավելել է, որ խաղաղ բնակիչներից ահաբեկիչներին զատելու համար հարկավոր է դադարեցնել ռմբակոծություները Սիրիայում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր առանձնակի պատասխանատվություն Է կրում Սիրիայում: «Նա պետք է որոշում ընդունի այն մասին, թե այնտեղ ապահովվելու է արդյոք հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, կարելի է արդյոք քաղաքական գործընթաց սկսել»,- ասել է Մերկելը:
Արծարծվել է նաեւ հումանինտար դադարի հարցը, որը Ռուսաստանը եւ Սիրիան Հալեպում հաստատում են հոկտեմբերի 20-ին: Այդ կապակցությամբ Օլանդն ընդգծել է, որ այն պետք է տեւական լինի: «Անհրաժեշտ է հատկացնել մի քանի օր, որպեսզի ապահովվի հումանիտար օգնության տեղափոխումը»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: