Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին
ԱրցախԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հավելելով. «Իր խոսքում Բա կո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարեւոր են, հետաքրքիր ու հրատապ' տեղեկատվական ոլորտը որակելով մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:
«Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջեւ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Հանդիպման ժամանակ Նախագահը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված տարբեր հարցերի' կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հետ: