Շախմատի աշխարհի պատանեկան առաջնություն. մերոնց արդյունքները
ՍպորտԲաթումում շարունակվում է աշխարհի պատանեկան առաջնությունը: Երեկ տեղի ունեցան մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները:
Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում են 5-ական միավոր վաստակած 3 շախմատիստներ: Մեր մասնակիցներից հաջող է ելույթ ունենում Մամիկոն Ղարիբյանը, ով 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստներ, ովքեր վաստակել են 4,5-ական միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Արսեն Դավթյանը, ով վաստակել է 3,5 միավոր և առաջատարներից ետ է մնում 1 միավորով:
Մինչև 8 տարեկանների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող Ալա Նուրին, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Նիկոլայ Հովվյանը, ով իր ակտիվում գրանցել է 4 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը՝ իր ակտիվում գրանցած 4 միավորով: Միակ պարտությունը Մկրտչյանը կրել է հենց մրցաշարի առաջատար Ասաուբաևայից:
Մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի 3 միավոր վաստակած Սեդա Բադալյանը, իսկ մինչև 8 տարեկան աղջիկների պայքարում՝ 2.5 միավոր վաստակած Անգելինա Ղուկասյանը: