Ադրբեջանում հարկային պարտքի պատճառով 634 ընկերությունների ղեկավարների արգելվել է լքել երկիրը
ԱշխարհԱդրբեջանում գործարարները նախորդ տարվանից նավթի եւ մանաթի էժանացումից հետո սկսված տնտեսական ճգնաժամի պայմաններում չեն կարողանում ժամանակին իրականացնել իրենց հարկային պարտականությունները:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Այս անգամ Ադրբեջանի հարկերի նախարարությունը հոկտեմբերի 24-ից սկսած հարկերը չմարելու պատճառով երկրի սահմաններից դուրս գալու արգելք է դրել 634 ընկերությունների ղեկավարների վրա, որոնցից 9-ը օտարերկրյա քաղաքացիներ են:
Ադրբեջանում մեծացել է նաեւ սնանկ ճանաչված, ինչպես նաեւ այդ երկրում իրենց գործունեությունը դադարեցրած տեղական եւ արտասահմանյան ընկերությունների թիվը:
Modern.az լրատվական կայքը' հղում անելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը, հայտնել էր, որ 2015 թվականին Ադրբեջանում 40 հազար 450 աշխատատեղ է փակվել:
Պաշտոնական տվյալներով' անցյալ տարի 40 հազար 450 վերացված աշխատատեղերի 19,2 տոկոսը փակվել է առեւտրի, փոխադրամիջոցների վերանորոգման բնագավառում, 15,5 տոկոսը' տրանսպորտի եւ պահեստային տնտեսության, 8,3 տոկոսը' շինարարության, 6,4 տոկոսը' պետական կառավարման, պաշտպանության եւ սոցիալական ապահովման, 5,5 տոկոսը' վերամշակող արդյունաբերության, 4,7 տոկոսը' մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության բնագավառներում: