«Տղանե՛ր, սա սխա՛լ մոտեցում է». Հրանտ Բագրատյան
ՏեսանյութերԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին չի գոհացնում 2017թ.-ի բյուջեի նախագիծը: Նրա համոզմամբ՝ այնտեղ աճելու, զարգանալու միտում չկա:
«Կառավարության անդամներն իրենց առջև աշխատելու խնդիր չեն դրել: Վարչապետն առնվազն պիտի աճի 5 տոկոս ցուցանիշ սահմաները և ստիպեր, որ ապահովեին այդ հինգ տոկոս աճը։ Տնտեսագիտական թևը նույնն է մնացել՝ ինչ Տիգրան Սարգսյանի օրոք. խորամուխ չի եղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը:
Այդուհանդերձ՝ Բագրատյանն, ինչպես միշտ, մտադիր է ներկայացնել իր առաջարկները. «Մենք պիտի աճենք, բայց մենք մեր առաջ խնդիր էլ չենք դնում աճելու։ Աճի տեմպն այստեղ ավելի քիչ է, քան աշխարհում։ Մենք դժգոհ ենք սրանից։ Իմ կարծիքով՝ այդ տնտեսագիտական թիմը վարչապետին, նախագահին ճիշտը չի ասում, փոքրիկ մաֆիա է, որն ասում է՝ հանգիստ ապրենք, առանց լարված աշխատելու,-նկատեց նա՝ հավելելով,- կգրենք, որ կա մոտեցման այլ տարբերակ»։
Նախկին վարչապետը նշում է նաև, թե Կարեն Կարապետյանի խոստումները բյուջեում արտացոլված չեն։ Նա ընդգծում է.
«Ես հանգիստ ցույց եմ տալիս 150 միլիարդ փող, որը կարելի էր ներդրումների վրա դնել։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 12-րդ տարին է՝ բյուջեին փող չի տալիս։ Բոլորս կենտրոնացել ենք, որ ֆիննախը առանձնատուն է կառուցել Դիլիջանում, բա Կենտրոնական բանկն ի՞նչ է կառուցել, ԿԲ–ը բյուջեում ներդրում չի անում»,-շեշտեց պատգամավորը։
Բագրատյանի համոզմամբ՝ կառավարությունը պետք է ոչ թե արտաքին պարտքը մեծացնի, այլ ներքին, ինչի մասին ինքը 12 տարի շարունակ կառավարության անդամներին խորհուրդ է տալիս։ «Ներքին պարտքը 1 միլիարդ դրամ է, իսկ արտաքինը՝ 5,2 միլիարդ։ Եթե կես-կես լիներ, մենք էս օրին չէինք լինի, 12 տարի ասել եմ՝ տղաներ, սա սխալ մոտեցում է»,- վստահեցնում է նա:
Բագրատյանին չի գոհացնում նաև ԱՎԾ աշխատանքը։ Ըստ նրա՝ ԱՎԾ-ն պրոֆեսիոնալ ստում է և ամեն տարի տնտեսական աճ ցույց տալիս, բայց իրական պատկերը բոլորովին այլ է. «Որպեսզի աճ ցույց տա, հետ է գնում 90-ականներ և տվյալները փոխում է»,- ասաց նա: