Լսի, դու չես որոշելու՝ ես խանգարեմ, թե՝ չէ. բանավեճ ԱԺ-ում
ՔաղաքականԱզգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու պատգամավոր Արամ Մանուկյանը բանավիճեցին:
Արամ Մանուկյանը հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարների պատճառով բազմաթիվ զոհեր են եղել, ո՞վ պետք է պատասխան տա, որին ի պատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն արձագանքեց, որ զոհերը ճանապարհի ոչ սարքին լինելու պատճառով չեն եղել. գուցե վարորդները խմած են եղել կամ այլ պատճառներ կան: «Ես անձամբ՝ երկու անգամ այցելել եմ, ճանապարհի հետ կապված խնդիր չկա»,- ասաց նախարարը:
Արամ Մանուկյանն էլ իր հերթին հակադարձեց ու պնդեց, որ հենց այս ճանապարհի պատճառով են եղել վթարները:
«Նախարարն ասում է՝ հետաքննություն է ընթանում, դու պնդում ես՝ ճանապարհի պատճառով է, այ քեզի բան»,- Արամ Մանուկյանին սաստեց Վարդան Այվազյանը, իսկ Արամ Մանուկյանը նրան հորդորեց չխանգարել:
«Հանգիստ»,- հեգնեց պատգամավորը:
«Լսի, դու չես որոշելու, ես խանգարեմ, թե չէ: Ես հանգիստ եմ, դու հանգստացի, ոնց որ նստածդ տեղը կռիվ ես ման գալիս: Ես ըստեղ խանգարող չեմ նստած, հանձնաժողովի նախագահ եմ: Նախարարն ասում ա՝ հետաքննություն ա անցկացվում, դու ասում ես՝ ճանապարհի մեղքով ա: Հելնում են շալակս արդեն»-, գոռգոռաց Վարդան Այվազյանը:
Շարունակելով, Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք պետական պարտքն ավելանալո՞ւ է Հյուսիս-հարավի կառուցապատման համար, ի պատասխան՝ նախարարն ասաց. «Մենք քննարկում ենք մասնավոր ներդրողների հետ, որ խնայենք պետական ու վարկային միջոցները, ունենք հատվածներ, որ կարող ենք մասնավոր ներդրողների հետ կառուցել, դրանով կթեթևացվի Հյուսիս-հարավի բեռը: Իսկ լրացուցիչ վարկ, եթե կառուցվի, լինելու է»: