1-2 մեքենա բանան ու դիզվառելիք է ներկրվել. ՊԵԿ նախագահ

2016-11-07 17:30:30

Կան թե՛ դիզելային վառելիք, և թե՛ բանան ներկրողներ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո քանի՞ ներկրող է ոգևորվել: «Այս պահին չեմ կարող ասել, թե ովքեր են այդ ներկրողները, բայց մեկ-երկու ավտոմեքենա ներկրվել է: Հարկային ու մաքսային մարմինների կողմից չկան խոչընդոտներ»,- ասաց նա՝ այդպես էլ չհստակեցնելով՝  դիզվառելիք, թե՞ բանան է ներկրվել: 

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ներկրողների համար ճանապարհը բաց է և ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել:

Վարդան Հարությունյանը ևս վստահեցնում է, որ ներկրման ոլորտն ազատ է և ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել: Ավելին՝ ՊԵԿ նախագահը բացառում է նաև հովանավորչությունն ու խտրական վերաբերմունքը: Նա չի թաքցում, որ ժամանակին ինքը ևս զբավել է բիզնեսով և վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը զարգանա. «Ես անձամբ՝ եղել եմ բիզնեսմեն և շատ լավ գիտեմ, թե բիզնեսի զարգացման համար այսօր ինչ հնարավորություններ են պետք»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ դիզվառելիքի ու բանանի շուկայում մոնոպոլիա չկա՞, Վ. Հարությունյանը հավելեց. «Կարող ենք ասել՝ խոչընդոտ չկա: Ոչ միայն բանան ու դիզվառելիք, այլև ամեն ինչ, ինչը որ ՀՀ օրենսդրության և նորմատիվների շրջանակներում տեղավորվում է, կարող են ներկրել, ես դեմ չեմ դրան»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ՊԵԿ-ում իրականացվող կադրային փոփոխություններին, նախարարը չթաքցրեց, որ կառույցը համալրվում է իր թիմի մարդկանցով: Նա հավաստիացրեց, որ նոր աշխատակիցները բոլորն էլ պրոֆեսիոնալ մասնագետներ են: «Նախկին աշխատակիցները պրոֆեսիոնալներ էին, բայց պետք է հասկանալ, որ փոխվել են խաղի կանոնները, որոնք ես եմ ֆիքսում: Ես պետք է աշխատեմ իմ թիմի հետ, իմ խաղի կանոններով: Իսկ եթե իմ կադրերը ևս չեն կարողանա լուծել իմ կողմից առաջադրված խնդիրը, կլքեն կառույցը»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Վ. Հարությունյանը շեշտեց նաև, որ ՊԵԿ-ը պետության ներկայացուցիչն է յուրաքանչյուր բիզնեսում՝ հարկերի հավաքագրման տեսքով. «Պետությունը հանդիսանում է փայատեր՝ ցանկացած բիզնեսում: Այդ բիզնեսում բացված փայի ներկայացուցիչը հարկային մարմինն է: Եթե բիզնեսմենը պարկեշտ ու առանց խաբելու պետության փայաբաժինը վճարի, մենք կխթանենք այն, իսկ եթե խաբի՝ կպայքարենք դրա դեմ»,- ասաց նա:

Դիտվել է 1770 անգամ:

Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը