Փարիզի Bataclan սրահում ահաբեկչությունից հետո առաջին համերգի բոլոր տոմսերը վաճառված են
ՀասարակությունՓարիզում կատարված ահաբեկչական գործողություններից մեկ տարի անց Bataclan սրահում կայանալիք առաջին համերգի բոլոր տոմսերը վաճառված են: Վարագույրը կբացվի նոյեմբերի 12-ի երեկոյան՝ ողբերգության տարելիցի նախօրյակին: Ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, առաջինը բեմահարթակ դուրս կգա բրիտանացի ռոք երաժիշտ Սթինգը: Մենակատարը հրաժարվել է հոնորարից, ելույթից հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
«Համերգի բոլոր տոմսերը վաճառված են, շնորհակալ ենք ըմբռնման համար»,- համերգասրահի կայքում նման ծանուցում է հայտնվել թատերական դրամարկղի բացումից ընդամենը մեկ ժամ հետո: Վերանորոգված սրահն ունի գրեթե 1500 տեղ:
Տոմսերի մի մասը վաղօրոք առանձնացվել էր այն 90 փարիզցիների ընտանիքների համար, որոնք անցած տարվա նոյեմբերի 13-ին զոհվել են Bataclan-ում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով:
Bataclan-ի իրադարձություններն ամենաարյունալի դրվագն են դարձել այդ սարսափելի օրվա ահաբեկչական գրոհների շարքում: Համերգասրահից բացի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումների օբյեկտներ են դարձել մարզադաշտը եւ մի շարք սրճարաններ: Ընդամենը իսլամիստների ձեռքով զոհվել են 130 փարիզցիներ, ավելի քան 300 մարդ վերքեր է ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: