Ուորլիքի հեռանալը արտառոց դեպք չէ. Դավիթ Բաբայան
ՀայաստանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները: Այս մասին Ուորլիքը գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: (Խմբ.- կարդացեք նաև՝ Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը)
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի համանախագահի՝ պաշտոնից հեռանալուն, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը նշեց.
«Նրա հեռանալը չի նշանակում, որ փոխվելու է ԱՄՆ-ի քաղաքականությունը, և տվյալ դեպքում դա որևէ ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ղարաբաղի հետ կապված որոշ հայտարարություններ անելով՝ նա փորձել է ինչ-որ թեմաների մասին խոսել, բայց դրանով իր կարծիքն է հայտնել որպես դիվանագետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Քաղաքագետի կարծիքով՝ համանախագահի փոխվելը զուտ աշխատանքային բնույթ է կրում, ոչ թե քաղաքական: Սա արտառոց դեպք չէ, ընդունված պրակտիկա է, որ համանախագահները որոշ ժամանակ անց փոխվում են:
«Նոր համանախագահից սպասելիքներն այն է, որ շարունակի իր բարձր արհեստավարժական աշխատանքը, լինի անաչառ և անկողմնակալ, ինչն անում էին բոլոր համանախագահները»,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Դավիթ Բաբայանը:
Ջեյմս Ուորլիքը զբաղեցնում էր Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը՝ 2013 թվականից:
(Խմբ.- կարդացեք նաև՝ Արցախի համար հիմնական մարտահրավերը մնում է Ադրբեջանի սպառազինվելը՝ անկախ գերտերությունների քաղաքականությունից. Հայկ Խանումյան)
Սոնա Հարությունյան