7000-ի ՀՀԿ-ականացումը մկանների ցուցադրություն էր՝ հենց ՀՀԿ-ի ներսում
Բլոգոսֆերա«Միասնություն» համազային շարժման համակարգող խորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«7000 հոգու միաժամանակյա կուսակցականացումը երբեք չի կարող նպաստել կուսակցության իմիջի բարձրացմանը:
Առհասարակ, եթե որևէ կառույցի դռներն առանց պայմանի բաց են ամեն թակողի առաջ, ապա դա լրջորեն կասկածի տակ է դնում այդ կառույցի ամրությունը։ Ո՞վ կարող է բացառել, որ այդ 7000-ի շարքերում կան բազմակուսակցականներ կամ քաղաքականության հետ ոչնչով չկապված «կույր» հավատացյալներ։ Մի՞թե Նժդեհի տեսությունն այդքան հանրամատչելի է…
Անգամ, եթե այդպիսի բան է «պատահել», ապա այդ փաստը պետք էր խնամքով թաքցնել և հանրությանը մատուցել քաղաքագիտական օրինաչափությունների խողովակներով։ Սա ընդամենը մկանների ցուցադրություն էր՝ ամենից առաջ հենց ՀՀԿ ներսում՝ ակնարկելով, որ ընդամենը մեկ հրահանգ է պետք, որ այդ նույն 7000-ը մեկ ակնթարթում նույն արագությամբ լքեն կուսակցությունը, եթե իրենց «մենեջերին» հանկարծ «բան պատահի»:
Անշուշտ, սա նաև հաթաթա էր քաղաքական դաշտին՝ ընտրություններից առաջ․․․
Ասում են՝ հիմնականում երկու առիթով է հապճեպ կուտակվում մարդկանց հոծ բազմություն՝ մեկ թաղման, մեկ էլ հարսանիքի։ Թե 2017 թվականը քաղաքական որ ուժերին կթաղի կամ որոնց կամուսնացնի, ցույց կտա ժամանակը․․․»: