«Ժառանգություն»-ում տեղյակ չեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կցանկանա՞ պատգամավոր դառնալ, թե՞ ոչ

2016-11-30 15:41:06

«Ժառանգություն» կուսակցությունում որևէ քննարկում չի անցկացվել գալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության ռեյտինգային ցուցակի վերաբերյալ։

«Մենք «Ժառանգություն»-ում որևէ ձևով քննարկում չենք անցկացրել ռեյտինգային ցուցակի հետ կապված՝ որևէ մեկի մասնակցության վերաբերյալ, նույնիսկ երեք-չորս հոգով էլ չենք խոսել իրար հետ»,– ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ տարածված տեղեկությունները որակելով ապատեղեկատվություն:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ «ժառանգություն» կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ դաշինք չկազմելու պարագայում ներկայանալու է սեփական ցուցակով, որի առաջին տեղերը կուսակցության առաջնորդի ցանկությամբ՝ զբաղեցնելու են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում չի լինելու. նա չի ցանկանում նորից պատգամավոր դառնալ։ Միևնույն ժամանակ, դաշինք կազմելու դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության այս երեք գործիչների համար անցողիկ տեղեր է պահանջել «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններից, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում։

Ա. Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ինքը նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչ տրամադրվածություն ունի այս հարցում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հետ ևս այս թեմայի շուրջ քննարկումներ չեն եղել։

Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԺ ընտրություններին հնարավո՞ր է դաշինքով մասնակցեն, կուսակցության փոխնախագահը տեղեկացրեց, որ այս փուլում բանակցությունները դեռ շարունակվում են և որևէ հստակություն դեռ չկա: «Երբ որ հստակություն կլինի, նոր կասենք,»,-ասաց նա:

Մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, ով, ի դեպ, այսօր ԱԺ արտահերթ նիստին ներկա չէր, իսկ նրա հեռախոսահամարն անջատված էր:

Դիտվել է 862 անգամ:

Լրահոս
27 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը