«Փաստ». Ընդդիմադիր դաշինքը չի կրկնելու նախորդների սխալները
Армянская пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը չի կիսում այն տեսակետը, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ողջ ընդդիմադիր կուսակցությունները միասին կարող են ամենաշատը 20% ձայն հավաքել այն պատճառով, որ հասարակությունը հիասթափված է ընդդիմությունից:
«Հասարակությունը ընդդիմությունից երբեք էլ չի հիասթափվել, պարզապես որոշ ժամանակաշրջանում հիասթափվել է ընդդիմության ղեկավարների գործունեությունից: Բայց մենք այդպիսի ընդդիմություն չենք լինելու»,– ասում է Սասուն Միքայելյանը:
Նա նաև նշեց, որ 2008–ին իշխանափոխության համար բոլոր նախապայմանները եղել են, բայց Հայաստանում մշտապես կամ ընդդիմությունը չի հաղթել, որովհետև լավ չի կազմակերպվել, կամ էլ ընդդիմության առաջնորդները այնպես չեն ուղղորդել հասարակությանը, որ վերջնական հաղթանակի հասնեն:
«Կամ ժողովրդին կես ճանապարհից թողել են, կամ էլ ամեն ինչ գցել են ժողովրդի վրա, իրենք գնացել են տուն: Այս տարիների ընթացքում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ժողովրդի միջոցով են ցանկացել իշխանափոխության հասնել, առանց նույն ժողովրդին ղեկավարելու: Մեր դաշինքը, որը շուտով կձևավորվի, նման ձևով չի կարող գործել և չի կրկնելու մյուս ընդդիմադիրների սխալ քայլերը»,– ասաց Ս. Միքայելյանը:
Հարցին, թե միայն երեքով են պատրաստվում հանդես գալ, թե իրենց դաշինքին կարող են նաև այլ կուսակցություններ նույնպես միանալ, Ս. Միքայելյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնսենսուսի արդյունքում որոշում կայացնելու մասին:
«Եթե որևէ կուսակցություն, հասարակական կազմակերպություն կամ անհատ, ցանկություն հայտնի մեզ միանալ, և եթե երեք ուժերի կողմից համաձայնություն լինի, ապա այդ դեպքում կկարողանան միանալ մեզ»,– ասաց Ս. Միքայելյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ եթե ընտրություններից հետո այնպիսի իրավիճակներ զարգանան, որ ժողովուրդը դուրս գա փողոց և եթե այլ ընդդիմադիր ուժերի գործողությունների արդյունքում համոզվեն, որ նրանք նույնպես ցանկություն ունեն երկրում իշխանափոխության հասնելու, ապա չի բացառվում, որ հետագայում իրենք համագործակցեն նաև այդ ուժերի հետ:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: