Սպիտակի երկրաշարժից բնակարան կորցրած ընտանիքներից որևէ մեկն այսօր անօթևան չի մնացել. ՀՀԿ պատգամավոր
ՀասարակությունԻշխող Հանրապետական խմբակցության ղեկավար, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ աղետի գոտին այսօր էլ շարունակում է նույն կարգավիճակով մնալ: Նա հատուկ շեշտում է, որ այդ տարիներից ի վեր Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում շատ բան է փոխվել:
Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ անօթևանների խնդրին ուռճացվում է, քանի որ աղետի հետևանքով իրենց տներից զրկված քաղաքացիները, ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում և Սպիտակում պետությունից ստացել են բնակարաններ կամ բնակարանների փոխհատուցումներ:
«Այդ մասին խոսողները, գոնե մեկ անգամ պետք է լինեն այնտեղ, որպեսզի սեփական աչքերով տեսնեն այնտեղ կատարված աշխատանքներն ու փոփոխությունները: Գյումրիում, Սպիտակում և Վանաձորում դուք դրա ականատեսը կլինեք: Այդ աղետը ողբերգություն էր, որը հսկայական վնասներ հասցրեց մեր պետությանը, բայց մենք կարողացել ենք այդ ճգնաժամը հաղթահարել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց պատգամավորն՝ հավելելով, որ այսօր աղետի գոտի կոչվածը գրեթե ամբողջությամբ կերպարանափոխված է:
Անդրադառնալով անօթևանների խնդրին՝ նա նշեց, որ աղետից բնակարան կորցրած ընտանիքներից որևէ մեկն այսօր անօթևան չի մնացել: «Մենք աղետից առաջ ունեցել ենք ընտանիքներ, որոնք բնակարաններ չեն ունեցել»,- նկատեց պատգամավորը՝ շեշտելով, որ աղետի հետևանքով անտուն լինելն ու տուն չունենալը բոլորովին տարբեր հարցեր են:
«Համապատասխան բնակարաններ կամ գումարներ հատկացվել են այն մարդկանց, ովքեր աղետի հետևանքով անօթևան էին մնացել, բայց եթե այսօր կան անօթևաններ, դա ևս մեր խնդրին է, որը պետք է փորձենք լուծել: Սակայն, ամեն ինչ կապել աղետի հետ, այդ թեման շահարկել՝ կարծում եմ անթույլատրելի է»,- ասաց պատգամավորն՝ հավելելով նաև, որ նույն հարցը բարձրացվել է նաև Վանաձորում և Սպիտակում, բայց այսօր անօթևանների գերակշռող մասը ստացել են իրենց բնակարանները:
Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խնդրի մասին բարձրաձայնողների մեծ մասը երկրաշարժից տուժածներ չեն: «Աղետի հետևանքով բնակարան կորցրած որևէ մեկն այսօր չունենք: Իսկ այսօրվա անօթևանների մեծ մասը կա՛մ նախկինում վարձով են ապրել, կա՛մ բնակարան չեն ունեցել, որոնց ևս պետությունը տնակներ է հատկացրել, որպեսզի նրանք ևս անտուն չմնան: Իսկ այսօր նրանք դոմիկում ապրելը վերագրում են աղետի հետևանք: Ես վստահեցնում եմ, որ այս տարիների ընթացքում մենք այդ խնդիրը կարգավորել ենք, և աղետի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիներին պետությունը բոլորին փոխհատուցել է, ընդ որում՝ այդ մասին կան նաև թվեր ու փաստեր: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա անօթևաններին, ապա այո, մենք նրանց մասին նույնպես պետք է մտածենք ու փորձենք այդ խնդիրը լուծել: 21-րդ դարում անօևթան ընտանիքներ չպետք է լինեն»,- ասաց նա:
Արմինե Եփրեմյան