Ինդոնեզիան կդիտարկի Երևանում դեսպանություն հիմնելու հարցը
Արտաքին ՔաղաքականԻնդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում տեղի ունեցող «Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումի» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորի հետ:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկվել են ս.թ. նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ջակարտա կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Երկուստեք վերահաստատվել է երկկողմ կապերի առավել խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ ողջունելով առկա դրական դինամիկան:
Երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների համատեքստում կարևորվել է Ջակարտայում ՀՀ դեսպանության գործունեությունը: Այդ առումով նախարարի տեղակալ Պապիկյանը հույս է հայտնել, որ փոխադարձության սկզբունքով Ինդոնեզիայի իշխանությունները մոտակա ժամանակներս կդիտարկեն Երևանում Ինդոնեզիայի դեսպանություն հիմնելու հարցը՝ ընդգծելով, որ այդ քայլը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Մուհամեդ Անշորն իր հերթին շնորհակալություն է հայտնել «Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումին» մասնակցելու կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ այս հանդիպումը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի քննարկման համար:
Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացներին: