96-րդ մահը...
ՀասարակությունՆախօրեին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում թոքաբորբից երկու տարեկան երեխա էր մահացել: Երեխան Վերակենդանացման բաժանմունքում է գտնվել, բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն, չի հաջողվել:
Նման լուրի տարածումն իսկական սարսուռ է հասարակության համար` երեխա, ընդամենը 2 տարեկան ու մահ:
Լուրի իսկությունը ճշտող լրագրողներից մեկին, այսպես ասած, շոկային պատասխան է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Լևոն Գրիգորյանը`«Մեզ մոտ 96-րդ մահն է, իսկ այս մահի նկատմամբ ինչո՞ւ եք այդպես առանձնապես նեղվում, հետաքրքրվում»:
Զարմանալի է, իսկապե՞ս մեր երկրում սովորական է դարձել երեխաների մահացությունը, իսկապե՞ս պետք է դա ընդունել չնեղվելու առիթ և հանգիստ շարունակել ապրել, թե՞, ամեն դեպքում, պետք է ավելի մտահոգ և ուշադիր լինել երեխաների առողջության վերահսկման մեխանիզմների նկատմամբ, որպեսզի 96-րդ մահը չգրանցվի: Այն, որ պոլիկլինիկաներն այսօր Հայաստանում պարապուրդի մատնված են, չկա հասարակության վստահություն այդ կառույցների նկատմամբ միանշանակ է, բայց արդյոք պե՞տք է ձկան նման համր լինել և խնդիրների վրա աչք փակել, թե՞ պետք է տեղից շարժվել:
Դեպքը և դրա առթիվ տրված մեկնաբանությունը թերևս առողջապահության նախարարի համար առաջին լիկվիդից հետո` «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը»», իսկական ստուգատես պետք է լինի, նախարարի այս արտահայտությունը ոչ ոք չի մոռացել:
Նախարարն իր առջև խնդիր պետք է դնի` ինչպես անել, որ չգրանցվի այդ 96-րդ մահը, սովորական չլինի այն բժշկի համար: Հետաքրքիր է նաև` Լևոն Գրիգորյանը նման արտահայտություն անելու համար գոնե դիտողություն ստացե՞լ է, թե՞ նախարարը համաձայն է հարևանցիորեն արտահայտած այս մտքի հետ:
Ն.Ա.