Տարվա լավագույն բասկետբոլիստներն են Անդրե Սպայթ Մկրտչյանը և Աննա Ասլանյանը
ՍպորտՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել՝ պարզելու 2016 թվականի լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն: Հարցմանը մասնակցել են մարզական լրագրողները:
Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանն, ով հուլիսին Մոլդովայում ճանաչվեց Փոքր երկրների Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող:
2-րդ տեղը զբաղեցրել է հավաքականի ավագ Զարեհ Զարգարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բրայանտ Դանստոնը:
Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, որը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում փայլեց հուլիսին Թբիլիսիում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: 2-րդ տեղում է հայտնվել Դիանա Ռամազյանը, իսկ եռյակն եզրափակել է Վիկտորիա Տոնոյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: