Ընտրություններին ընդառաջ՝ եզդիների ցեղասպանության ճանաչման գործընթացը շահարկվում է. Սաիդ Ավդալյան

2016-12-29 09:30:34

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ, «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Սաիդ Ավդալյանը: 

-Պարոն Ավդալյան, եզդիների ցեղասպանության ճանաչման գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ` միջազգային հանրության կողմից: 

-Այս տարվա ընթացքում մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ տարբեր բանաձևեր ընդունեցին, որոնցով ԻՊ գործողությունները եզդիների նկատմամբ` որակեցին որպես ցեղասպանություն: Մասնավորապես՝ եզդիների ցեղասպանությունը ճանաչվել է Եվրախորհրդարանի և ՄԱԿ-ի կողմից: Իսկ պետությունների մակարդակով՝ եզդիների ցեղասպանությունը ճանաչել են Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիայի սենատը, Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը: Սրան զուգահեռ՝ շատ շահագրգիռ ուժեր հանդես են գալիս ոչ թե իրենց երկրներում, այլ՝ հենց Շանգալում եզդիների համար անվտանգության գոտի ստեղծելու հայտարարությամբ: Մասնավորապես՝ նման հայտարարությամբ հանդես են գալիս ԱՄՆ-ի կոնգրեսականները, ովքեր պնդում են, որ հենց ԱՄՆ-ի ռազմավարության շահերից պետք է բխի եզդիների համար անվտանգության գոտի ստեղծելը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս հայտարարեց, որ եզդիների համար անվտանգության գոտի ստեղծելն իրենց համար օրակարգային հարց է: Եվրախորհրդարանն այս տարի ընդունեց բանաձև, որով կոչ է անում ԵՄ երկրներին՝ շեշտադրում կատարել եզդիների համար ինքնավարություն ստեղծելու հանգամանքի վրա: Համաձայն այդ բանաձևի՝ այդ ինքնավարության կազմում պետք է ընդգրկվեն Շանգալը, Թել Աֆարը և Նիվեի նահանգը: 

-Ըստ Ձեզ՝ կատարված կամ կատարվող քայլերը բավարա՞ր են: 

-Եթե խոսենք դեկլարատիվ հայտարարությունների և բանաձևերի ընդունման կարևորության մասին, ապա, կարծում եմ՝ բավարար է: Իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարությունները գործնական դաշտ տեղափոխելուն և իրական քայլերի դիմելուն, ապա, կարծում եմ՝ ոչ մի կոնկրետ քայլ չի արվել ու չի արվում այս ուղղությամբ: Այսօր կես միլիոնից ավելի եզդիներ դարձել են փախստականներ և կանգնած են հումանիտար աղետի առջև: Ճիշտ է՝ Գերմանիան և Կանադան պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստ են ապաստան տրամադրել եզդի փախստականներին, սակայն ավելի էֆեկտիվ և ճիշտ կլիներ, եթե եզդիների համար անվտանգության գոտի ստեղծվեր հենց Շանգալում, քանի որ  եթե Իրաքի եզդիական համայնքն ամբողջությամբ դուրս գա իր բնօրրանից, մեր եզդի ազգը մոտ ապագայում կհայտնվի մի շարք մարտահրավերների առջև, ընդհուպ՝ մինչև ասիմիլացիայի սպառնալիքի: Այնտեղ գտնվում են մեր սրբավայրերը և ընդհանրապես, մեր հայրենիքն ու բնօրրանն է, և մենք չպետք է թույլ տանք, որպեսզի եզդիներն այնտեղից դուրս գան: Քայլերը պետք է ուղղված լինեն հիմնականում այս ուղղությամբ: 

-ՀՀ ԱԺ-ում ևս շրջանառության մեջ է դրվել Շանգալի եզդիների ցեղասպանության ճանաչման օրինագիծը, որն անգամ չի ընդունվել: Տեղյա՞կ եք՝ ինչ փուլում է այն գտնվում և ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չընդունվեց: 

-Եզդիների ցեղասպանության ճանաչման օրինագծի քննարկումը ԱԺ-ում հետաձգվեց մեկ տարով, հետ կանչվեց առանց հիմնավոր բացատրության: Սա շատ բացասական դիտվեց եզդի ազգի կողմից և մեզ համար շատ տարօրինակ էր խորհրդարանական մեծամասնության վարքագիծն այս հարցում: Կարծում եմ՝ հայ ժողովուրդը, որպես ցեղասպանություն վերապրած ազգ, հասկանում է մեր ցավը, սակայն այս օրինագիծը շահարկումների առարկա է դառնում մեր իշխանությունների կողմից՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Հայաստանը պարտավոր է լինել ցեղասպանության դատապարտման դրոշակակիրը, և աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող ցեղասպանություն՝ առաջին հերթին պետք է դատապարտվի հե՛նց Հայաստանի կողմից: Սրա հետ մեկտեղ, հայերի ու եզդիների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ինչը մեզ հիմք էր տալիս մտածելու, որ Հայաստանն առաջինը կճանաչի եզդիների ցեղասպանությունը: Բայց, արի ու տես՝ հակառակն է ստացվում: Այդուհանդերձ, մենք շարունակելու ենք մեր քայլերը՝ ուղղված Շանգալի եզդիների ցեղասպանության ճանաչմանը՝ Հայաստանում: 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Դիտվել է 603 անգամ:

Լրահոս
23 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը