Եթե անգամ տեսախցիկներ չտեղադրվեն, դա չի խոչընդոտի ընտրական գործընթացի թափանցիկ անցկացմանը. Մուկուչյան
ՔաղաքականԱզգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում բոլոր ընտրատեղամասերից օնլայն հեռարձակում ապահովելու համար անհրաժեշտ տեսախցիկներ ձեռք բերելու աշխատանքները շարունակվում են: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ես որքան տեղյակ եմ քննարկումներն այդ հարցով շարունակվում են: Գիտեք, որ կա համապատասխան հանձնաժողով, որն աշխատում է այդ ուղղությամբ: Ըստ տեղեկատվության քննարկումները գնում են, սակայն այլ առարկայական քայլերի մասին ես տեղեկացված չեմ»,- նշեց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը հավելեց, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ այդ տեսախցիկների տեղադրումը իրականացվելու է համապատասխան մրցույթի միջոցով, որին կարող են մասնակցել ինչպես բազմաթիվ մարդիկ, այնպես էլ կարող է որևէ մեկը չմասնակցել: Մուկուչյանը վստահություն հայտնեց, որ անգամ, եթե որևէ մեկը մրցույթին չմասնակցի և ընտրական տեղամասերում տեսախցիկներ չտեղադրվեն, դա չի խոչընդոտի ընտրական գործընթացի թափանցիկ անցկացմանը, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված են վերահսկողական այլ մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել գործընթացի թափանցիկությունը: