Հյուսիսային Կորեայում քաղաքական փոփոխությունները անկանխատեսելի հետևանքներ կունենան. «Ամերիկայի ձայն»

2017-01-06 19:32:53

Անցյալ տարի Հյուսիսային Կորեայի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ընդլայնումը չի կանխել երկրի միջուկային հնարավորությունների արագ զարգացումը։ Հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Հյուսիսային Կորեան 2016 թվականը սկսեց իր չորրորդ միջուկային փորձարկումով, որին հետևեց հեռահար հրթիռի արձակումը։ Առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը իր երկիրը հետագայում հայտարարելու էր միջուկային պետություն՝ անտեսելով Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերը արգելող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Զանգվածային ոչնչացման զենքի ռազմական սպառնալիքը միակը չէ։ Տարածքային անվտանգության վերլուծաբան Դենիել Փինքսթոնը մտավախություն ունի, որ միջուկային ճանաչման վերաբերյալ Հյուսիսային Կորեայի պահանջի հանդեպ թողտվությունը կարող է սպառազինությունների համաշխարհային մրցավազք հրահրել։ Նա ասում է,- “Եթե մյուս պետությունները նույնպես հետևեին նրանց օրինակին՝ ցանկանալով ունենալ միջուկային զսպման սեփական միջոցներ, քանի որ դա, ըստ էության, ծախսերի հետ կապված չէ, խիստ վտանգավոր իրավիճակ կստեղծվեր”։ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային փորձարկումներից հետո Հարավային Կորեան կտրել է հյուսիսի հետ բոլոր մնացած կապերը, այդ թվում՝ փակելով Կեսոն համատեղ արդյունաբերական գոտին, որտեղ աշխատում էին 54,000 հյուսիսկորեացիներ։ Մարտին Միացյալ Նահանգները և Չինաստանը ՄԱԿ-ի նոր կոշտ պատժամիջոցների վերաբերյալ համատեղ նախագիծ էին ներկայացրել, որը նախատեսում է զենքի համընդհանուր արգելք, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական և առևտրային սահմանափակումներ Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ Նոր պատժամիջոցները, անշուշտ, նվազեցրել են երթևեկությունը Չինաստանի հետ սահմանի մոտ, որը Հյուսիսային Կորեայի հետ առևտրի հիմնական գոտին է։ Սակայն Պեկինը խստորեն չի կիրառում սահմանափակումները՝ խուսափելով անկայունության հրահրումից։ ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Կորեական թերակղզում՝ իրականացնելով Հարավային Կորեայի հետ համատեղ երբևէ ամենազանգվածային զորավարժությունները, որոնք, ըստ հաղորդումների, ներառում էին Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտների դեմ նախազգուշական ռազմական հարվածների սցենարներ։ Փհենյանը ցուցադրաբար ակտիվացրել է սպառազինության զարգացման իր ծրագրերը՝ փորձարկելով բազմաթիվ ցամաքային և ծովային բալիստիկ հրթիռներ։ Սեպտեմբերին Հյուսիսային Կորեան իրականացրել է աննախադեպ՝ երկրորդ միջուկային փորձարկումը մեկ տարվա ընթացքում։ Դրան հետևեցին ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցներ։ Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ափսոսանք է հայտնել դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման ձախողման մասին։ Նա ասում է,- “Ես խորապես մտահոգված եմ Կորեական թերակղզում աճող լարվածությամբ՝ կապված Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների և միջուկային փորձարկման հետ։ Անվտանգության խորհուրդը միայն այս տարի հանդիպել է 10 անգամ։ Սա աննախադեպ երևույթ է, որ խորհուրդը 10 անգամ հանդիպի օրակարգային մեկ հարցի շուրջ”։ Մինչև սեպտեմբերի վերջ Հյուսիսային Կորեան դադարեցրել է բոլոր սադրանքները՝ առերևույթ չիմանալով, թե ինչպես արձագանքել Հարավային Կորեայի կոռուպցիոն աղմկահարույց պատմությանը, որը հանգեցրել է իր անզիջում հակառակորդ՝ նախագահ Փաք Գուն Հըի պաշտոնանկությանը։ Կիմ Ջոնգ Ունի վարչակազմը նաև անորոշության մեջ է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության հետ կապված։ Վերլուծաբանների կանխատեսումներով՝ Հյուսիսային Կորեան շուտով կարձագանքի Սեուլում և Վաշինգտոնում նոր ղեկավարության իրականությանը։ Թերևս այդ արձագանքից է կախված՝ արդյոք կստեղծվեն երկխոսության նոր հնարավորություններ, թե՝ է՛լ ավելի կխորանա հակամարտության վտանգը։

 

Դիտվել է 820 անգամ:


Լրահոս
17 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը