Հայ վարորդը չի ցանկանում արտահանձնվել
ОбществоՏուլայում 2015թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցած վթարի գործով 4,5 տարվա ազատազրկման դատապարտված հայ վարորդ Գառնիկ Հարությունյանը չի ցանկանում արտահանձնվել: Այս մասին NEWS.am-ին ասել է նրա պաշտպան Ռուբեն Կիրակոսյանը:
Թեև Գառնիկ Հարությունյանի գործով դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ փաստաբանները բողոքարկել են վճիռը, վարորդն արդեն իսկ իր պաշտպաններին հայտնել է, որ ցանկանում է պատիժը կրել Ռուսաստանում: Նշենք, որ արտահանձնման գործընթացը բավականին երկար է տեւում: Ի դեպ, ՌԴ-ում 2013թ. հուլիսին տեղի ունեցած վթարի գործով 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը դեռևս Հայաստան չի արտահանձնվել:
Հիշեցնենք, որ Գառնիկ Հարությունյանի մասնակցությամբ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:
Նյութի աղբյուր՝ NEWS.am