Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը
ԱՐԽԻՎՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ազատ Մ.-ի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ:
Քննությամբ պարզվել է, որ Արմավիր ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և զգալի չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այնուհետև, նշված թմրամիջոցներն աշխատավայրում իրացնելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է Արմավիր ՔԿՀ:
Թմրամիջոցների մի մասը, այդ թվում' 46,5 գրամ մարիխուանա-ն և բուպրենորֆին տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է նույն օրը' քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ազատ Մ.-ի անձնական խուզարկության ժամանակ: Վերջինս դրանք թաքցրել էր ծխախոտի տուփերում: Մարիխուանա թմրամիջոցի մնացած' 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:
Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ազատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Ազատ Մ.-ն կալանավորվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: