Ֆրանսիայի ոստիկանությունը Քարդաշյանին կողոպտողներին գտել է ԴՆԹ-ի հետքերով

2017-01-09 17:32:12

Ոստիկանները Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտմանը մասնակցելու մեջ կասկածվողներին գտել են ԴՆԹ-ի հետքերի շնորհիվ, որոնք թողել են չարագործները:

Ըստ վերջին տվյալների, իրավակարգի պահապանները հունվարի 9-ին անցկացված գործողության շրջանակներում Ֆրանսիայի տարբեր տարածաշրջաններում ձերբակալել են 17 մարդու, այդ թվում՝ ավազակային հարձակման անմիջական մասնակիցներին: Գործողության ընթացքում առգրավվել են փողեր ու փաստաթղթեր, ոստիկանությունը նաեւ խուզարկություն է անցկացնում Փարիզի ոսկերչական խանութներից մեկում:

ԶԼՄ-ների տվյալներով, ԴՆԹ-ի հետքեր են գտնվել կա՛մ այն կպչուն ժապավենի վրա, որով հանցագործները կապկպել էին Քարդաշյանին, կա՛մ այն մանյակի վրա, որը նրանց ձեռքից ընկել էր փողոցում: Ոստիկանության աղբյուրները «Ֆրանսպրես» գործակալությանը հաստատել են, որ ԴՆԹ-ի հետքերը թույլ են տվել նույնականացնել հանցավոր աշխարհի ներկայացուցչին, որն իրավապահներին հայտնի է այլ կողոպուտների կապակցությամբ:

Point թերթը հայտնում է, որ հարձակման ենթադրյալ կազմակերպիչը ալժիրցի է: Ելուզակախմբի մեջ մտնում էին նաեւ երեք կանայք, իսկ դրա մասնակիցներից ամենատարեցը 72 տարեկան է:

Հրատարակությունը նշում է, որ ձերբակալվածների թվում կան նաեւ գնչուական եւ հրեական համայնքների ներկայացուցիչներ, որոնք միջնորդների դեր են խաղացել եւ հափշտակված զարդերն ուղարկել են բելգիական Անտվերպեն՝ ադամանդների առեւտրի համաշխարհային կենտրոն: Այդ կապակցությամբ նշվում է, որ ֆրանսիացի իրավապահներին կարող է պահանջվել բելգիացի գործընկերների օգնությունը:

2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով եւ դիմակավորված մի քանի տղամարդ ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի այն համարը, որտեղ հանգրվանել էր Քարդաշյանը: Նրանք 35-ամյա ֆոտոմոդելին սպառնացել են հրազենով, բայց նրան չեն վնասել: Վերցնելով Քարդաշյանի անձնական զարդերը՝ հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հանդուգն կողոպուտը ռեալիթի շոուի աստղին ստիպել է վերադառնալ ԱՄՆ եւ վարձել առնվազն 20 թիկնապահների:

Ըստ որոշ տվյալների, հափշտակված զարդերի արժեքը կազմել է շուրջ 10 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է 1997 անգամ:

Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը