«Պարտավոր են մեզ աջակցել, ոչ թե մեր գլխին քարոզ կարդալ»

2017-01-10 12:10:13

2016 թվականի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիայի և դրա հետևանքով երեք հայ զինծառայողի զոհվելու դեպքի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: 

«Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հարձակման փորձի մեջ, որը հանգեցրեց զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են պահել ադրբեջանցի զինծառայողի դին, որը սպանվեց մարտերի ընթացքում: Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են կողմերի պարտավորություններին, որոնք ուժ չկիրառելու պատասխանատվություն են կրում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ հետևել համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Համանախագահները նաև կոչ են անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին: Մենք կոչ ենք անում կողմերին՝ դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը պնդում է՝ հայտարարությունն ուշացած է: «Ինձ թվում է՝ Հայաստանի այն տրամադրությունները, որ ԵԱՀԿ և ԵԱՏՄ կառույցներից պետք է դուրս գալ, Ռուսաստանին պարտավորեցրել է քայլեր անել: Ինչու: Որովհետև բոլորն էլ հասկանում են, որ երկու կառույցի տեր ու տիրակալն էլ Ռուսաստանն է: Եթե Ռուսաստանը ցանկանա՝ Նազարբաևին էլ, Լուկաշենկոյին էլ կպարտավորեցնի, մի քիչ դժվար կլինի, բայց կպարտավորեցնի: Ապրիլյան պատերազմից հետո միջին սերննդի մոտ հասունացող անկախության տրամադրությունները, ազգային պետություն ստեղծելու տրամադրությունները, որոնք նաև Սփյուռքում են դրսևորվում, դինոզավրերին ստիպում է ուշացած քայլեր ձեռք առնել: Որ ասում են՝ Զատիկից հետո ներկած հավկիթը եղած-չեղած՝ մի հաշիվ է»,- նշեց քաղաքագետը: 

Նրա խոսքով՝ կարևոր է այն հարցը, թե Ռուսաստանը, որպես դաշնակից, նման իրավիճակներում օգնում է, թե ոչ, ոչ թե Ադրբեջանին մեղադրել-չմեղադրելը: Համանախագահներն իրենց հայտարարությունում կոչ են արել Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին: Մինչդեռ Շիրինյանը համոզված է՝ պետք չէ վերադարձնել. «Պետք է ատամ ցույց տալ: Ադրբեջանի հետ հարաբերություններում համարժեք պատասխաններն անիմաստ են, պետք է ասիմետրիկ պատասխաններ լինեն: Իսկ մեր դաշնակիցները պարտավոր են մեզ աջակցել, ոչ թե մեր գլխին քարոզ կարդալ»: Ըստ Շիրինյանի՝ հարցն այսպես է դրված՝ պետք է դուրս գալ ԵԱՀԿ-ից ու ԵԱՏՄ-ից: «Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչքան հնարավոր է կարգավորելով, պետք է դուրս գալ: Դա Ռուսաստանին կզրկի մանևրելու և Հայաստանի հաշվին իր հարցերը դրանց հետ լուծելու հնարավորությունից»,- եզրափակեց իր խոսքը Լևոն Շիրինյանը: 

Քրիստինա Աղալարյան

 

Դիտվել է 2676 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
30 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը