«Օրը մի նախարար փոխելով` ոչինչ չի փոխվի». տուրիզմը մեր երկրում չի զարգանում

2017-01-10 23:07:34

Հայերի մեծ մասը տոնական օրերը նախընտրում է անցկացնել արտերկրում, մասնավորապես, Վրաստանում, քան` Հայաստանում: Այդ միտումին առաջին հերթին նպաստում է Հայաստանի հանգստավայրերում գործող չափազանց բարձր գները:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցի հետ, ով կազմակերպում և անց է կացնում զբոսաշրջության դասեր:

Թե ինչո՞ւ են հայերը նախընտրում Վրաստանը, և ոչ թե` Հայաստանը, Վահե Լոռենցը երկու պատճառ է տեսնում: Առաջինը` մարդիկ տոն նշելիս նոր էմոցիաների ու զգացողությունների կարիք ունեն և դրա համար կարող են նախընտրել ոչ թե հայրենիքը, այլ օտար երկիր: Երկրորդը՝ գնային քաղաքականությունն է, որն առավել կարևոր է, քանի որ, մանավանդ, Ամանորյա շրջանում Ծաղկաձորում, Ջերմուկում և ձմեռային հանգստի մյուս վայրերում ահավոր բարձր գներ են. «Որքան էլ իշխանությունները, ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե հայաստանյան գները չեն զիջում վրացականին կամ թուրքականին, միևնույն է, պետք է փաստել, որ մեզ մոտ գները էապես բարձր են, ինչն էլ հայերի համար պատճառ է դառնում, որ գնան Վրաստան»:

Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի զբոսաշրջությունն անհամեմատ աշխույժ է: Ըստ մասնագետի` սա խոսում է տուրիզմի ոլորտում ճիշտ քաղաքականություն վարելու մասին, ինչը մեզ մոտ բացակայում է:

Նկարում` Վահե Լոռենց

 

Մեր զրուցակցի կարծիքով` մեզ մոտ տուրիզմը զարգացնելու քաղաքականությունը միայն թղթի վրա է ստացել բանաձևային հետևյալ հայտարարությունը, այն է՝ տուրիզմը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, դրանից անդին իշխանությունները ոչ մի լուրջ քայլեր չեն անում և ցավով նշեց, որ չի էլ տեսնում այն ուժը, որը կարող է որևէ փոփոխություն կատարել, որովհետև դրա համար մի ամբողջ կոմպլեքս պետք է աշխատի. «Օրը մի նախարար, փոխնախարար կամ վարչության պետ փոխելով` ոչինչ չի կարող փոխվել, որովհետև որքան էլ ցանկություն և ազնիվ մղումներ լինեն որևէ բան փոխելու, պետք է նախևառաջ ճանաչել ոլորտը: Մեր տուրիզմ ինդուստրիայի ամենացավոտ խնդիրներից մեկն էլ պետական մոտեցման և արժեհամակարգի բացակայությունն է»:

Իսկ թե ինչո՞ւ է այս ոլորտն այդքան կաղում, Վահե Լոռենցը պատասխանեց.

«Այսօր մենք մատուցում ենք բացառապես եկեղեցիներ, զվարճանքի կենտրոն բացարձակ չունենք: Տարական մի բան ասեմ՝ ծիրանը հայկական միրգ է, իսկ տուրիստը այն համտեսելու հնարավորություն ունի միայն շուկայից գնելու դեպքում: Ինչու՞ քաղաքի կենտրոնում չպետք է ունենանք մի այգի կամ հուշարձան, որի մոտ այդ ամենը կմատուցվի: Պետական համապարփակ մոտեցումն է պակասում առաջին հերթին»:

Ըստ մեր զրուցակցի` զբոսաշրջիկների կողմից հիմնական դժգոհություն այն է, որ բացի եկեղեցիներից ուրիշ ոչինչ չենք մատուցում, շատ լուրջ խնդիրներ են ինչպես ճանապարհների, զուգարանների բացակայությունը, այնպես էլ երեկոյան զվարճանքի կենտրոնների բացակայությունը:

«Մեծ դժգոհություն է առաջացնում, հատկապես ավիատոմսերի, հյուրանոցների գնային քաղաքականությունը և սպասարկման մշակույթը»,- խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը:

Սոնա Հարությունյան

 

Դիտվել է 1428 անգամ:


Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը