«Փաստ». Ո՞վ է ժառանգում «Ժառանգությունը»
Armenian Press«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՏԻՄ ընտրություններում չմասնակցելու մասին, դավադրության տեսության կողմնակիցները սկսեցին խորհրդավոր ձայնով շշնջալ, թե կուսակցությունը չի ցանկանում բացել իր խաղաքարտերը խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իրականում որևէ բարդ դիլեմա կամ քաղաքական մտքի փայլատակում գոյություն չուներ։ Պարզապես կուսակցությունը, ինչպես հոկտեմբերին, այնպես էլ այսօր, ի զորու չէ մասնակցել որևէ ընտրության։ Դա ունի իր մի շարք խորքային պատճառները։ Չնայած նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում, սակայն ակնհայտ է, որ անհեռատես քաղաքական գծի և կազմած ցուցակի արդյունքում, այսօր պատգամավորներից չորսն ընդհանրապես կապ չունեն կուսակցության հետ։ Թվում էր թե, նախագահական ընտրություններին, շուրջ 550000 քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունն այսօր իրենից պետք է լուրջ կշիռ ներկայացներ և պահպաներ գոնե ունեցածի տասը տոկոսը։ Սակայն այլ է իրականությունը։ Ծոմապահությունը, միասին աղոթելը կամ ոստիկանապետի հետ քարոզ կարդալը Մաթևոսի կտակարանի չեղած 29–րդ գլխի վերաբերյալ, քաղաքական կատեգորիաներ չեն։ Միգուցե, դրանք աշխատեին այն ժամանակ, երբ միջնադարում հեգեմոն էր կաթոլիկ եկեղեցին։ Նոր են իրողությունները և նոր են բարքերը։ Եթե խոսենք նաև կուսակցության առանձին գործիչների մասին, ապա պետք է փաստենք, որ նախկին խիստ ընդդիմադիր Արմեն Մարտիրոսյանն այս խորհրդարանում առանձնապես աչքի չի ընկել ոչ հարցադրումներով, ոչ էլ ելույթներով, իսկ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը մի տեսակ արդեն հոգնեցրել է իր ձայնով և հարցադրումների որակական անհարաբերակցությամբ։ Կուսակցության առաջնորդից վաղուց լուր չկա։ Անկեղծ ասած, ես էլ կնախընտրեի ԱՄՆ–ում տուն ունենալ ու հայաստանյան քաղաքական պրոցեսներով չզբաղվել։ Այս ամենը կոչվում է ձայների մսխում և նախկին ռեսուրսի սպառում։ Առավել ևս, որ Ժառանգությունը որդեգրել է նաև անհասկանալի արտաքին քաղաքական գիծ, որը հատկապես դրսևորվում է Ղարաբաղի հիմնահարցում՝ երբեմն–երբեմն անկախություն ճանաչելու մղումներով։ Թվարկված ֆոնին էական են դառնում կուսակցության տարբեր գործիչների քննարկումների մասին հրապարակումները մամուլում։ Այս ամենը նորմալ կլիներ, եթե ասենք Ազատ–դեմոկրատների, նորաստեղծ եռյակի կամ ԲՀԿ–ի հետ բանակցեին որպես կուսակցության մակարդակում գործունեություն ծավալող մարդիկ։ Սակայն առնվազն տարօրինակ է, երբ անհատներն են իրենց խնդիրները փորձում լուծել կուսակցությունների հետ, հերթական անգամ փորձելով ստանալ պատգամավորական աթոռ։ Այս ամենը գործընթացը դարձնում է տարրական ֆիկցիա։ Եվ հետո, տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ ընդդիմություն համարվող «Ժառանգության» անդամների համար պատգամավոր լինելը մի տեսակ դարձել է «մասնագիտություն»։ Սա այդքան էլ գեղեցիկ իրողություն չէ։ Եթե Հայաստանի նման երկրում նորմալ է, որ իշխանությունը ունի ոչինչ չանող, բայց մշտապես պատգամավորի հաստիք զբաղեցնող անձինք, ապա ընդդիմության դեպքում գոնե այս պարագան չպետք է գործեր։ Առավել կառուցողական կլիներ հակառակ պարագայով առաջնորդվելը։ Գալով վերջաբանին փաստենք, որ այսօր «Ժառանգությունն» ի վիճակի չէ միայնակ գնալ խորհրդարանական ընտրությունների։ Միայնակ գնալու պարագայում, կուսակցությանը սպասվում է կատարյան ֆիասկո, իսկ որևէ այլ քաղաքական ուժ կուզենա՞ այդ կուսակցության հետ դաշինք կազմել, թե կբավարարվի կուսակցության առանձին անդամների իր ցուցակում տեղ տալով, ցույց կտա ժամանակը։
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում