Ինչ քայլերի կդիմի Վանաձորի քաղաքապետը
PoliticalԻնչպես ավելի վաղ գրել ենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել և Կարեն Կարապետյանին է ներկայացրել Վանաձորի ավագանու լուծարման իրավական հիմքերը ներկայացնող փաստաթուղթ: Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես, Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնել համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն:
Ի՞նչ է մտածում այս մասին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու ի՞նչ քայլերի կդիմի քաղաքապետն ավագանու բնականոն աշխատանքը վերականգնելու համար՝ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com_ը զրուցեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Վերջինս նշեց, որ իրեն չի անհանգստացնում Կառավարությանն ուղղված վերը նշված դիմումը, քանի որ այն ստորագրող մարդիկ կապ չունեն Վանաձորի ավագանու հետ:
«Հարց է առաջանում, թե ովքեր են դիմողները. Էդմոն Մարուքյանն, օրինակ, ի՞նչ կապ ունի Վանաձորի ավագանու հետ: Դա նույնն է, որ Վանաձորի ավագանին դիմում ներկայացնի, թե եկեք պատգամավորին պատգամավորական մանդատից զրկենք: Բացի այդ, պետք է նշեմ, որ ավագանին անգործության մատնված չէ, չի աշխատում ավագանու միայն մի հատվածը: Էստեղ պետք է հիշեմ նաև Քրիստ Մարուքյանի այն հայտարարությունը, որ ավագանու աշխատանքը միայն նիստերին հաճախելը չէ. էստեղ իրենք իրենց են հակասում:
Մեր դիտարկմանը, որ Վանաձորում իշխանության ներկայացուցիչներն ունեն 15 մանդատ, իսկ ընդդիմադիր ուժերը՝ 18, հնարավո՞ր է՝ քաղաքապետն ավագանու երկու անդամի մանդատներ ունենալու համար այլևայլ լծակներ կիրառի, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ես որևէ մարդ հայտնաբերելու մտադրություն չունեմ: Եթե նման ցանկություն ունենայի, օպերատիվ աշխատող կդառնայի: Իմ խնդիրը քաղաքական իշխանության միջոցով աշխատանքներ իրականացնելն է, ինչն էլ անում եմ»:
Հարցին՝ ի՞նչ քայլերի կդիմի քաղաքապետը, եթե ավագանու նիստերն ընդդիմադիրները շարունակեն բոյկոտել, Ասլանյանը նշեց. «Այդ դեպքում մենք էլ մեր հռետորաբանությունը կփոխենք, ինչպես իրենցն է փոխվում: Ինձ համար Վանաձորն ինքնահաստատվելու թատերաբեմ չէ: Օրենքի շրջանակում ինչ նախատեսվում է, այն էլ կանենք, և հավելեմ, որ մենք բաց ենք ավագանու ընդդիմադիր անդամների հետ կառուցողական աշխատանքի»:
Աղավնի Սուքիասյան