Բաքվի սանձարձակության պատճառը
Արտաքին ՔաղաքականԱյսօր՝ Կառավարության նիստի ավարտից հետո՝ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, նշեց. «Մեզ համար համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է: Կան նաև այդ դիրքորոշումների հետ կապված հայտարարություններ, սակայն Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործել: Դա էր պատճառը, որ այս հայտարարությունը քննարկվեց: Այդ քննարկումը տեղի ունեցավ նաև լրագրողի լկտի ձևով տված հարցից», - ասաց Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ՀՀ պետական սահմանին հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետ կապված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, Շավարշ Քոչարյանն ասաց. «ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները միշտ նույնն են և այնտեղ պահպանվում է հավասարությունը: Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ չկա հասցեագրում, ինչն էլ հնարավորություն է տալիս Բաքվին՝ գործել ավելի սանձարձակ»:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին ադրբեջանցի լրագրողը հարց էր ուղղել, թե «օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիա և քրեական տարրերի զտումներ սկսելու դեպքում Ռուսաստանը կմիջամտի՞ Ադրբեջանի ներքին գործերին», Սերգեյ Լավրովը պատասխանել էր. «Դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ: Կարող եք նայել արխիվներն ու տեսնել, թե ինչպես են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ այդ պահանջները կատարվել»։
Աղավնի Սուքիասյան